Գլխավոր » Լրահոս

Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գնալով սրվում են

Հոկտեմբեր 16, 2009թ. 19:25

Թուրքիայի և Իսրայելի միջև ծագած ճգնաժամը օրեցօր խորանում է:

Պաշտոնական Անկարան ներկայումս ամեն կերպ փորձում է հանդես գալ պաղեստինցիների իրավապաշտպանի դերում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկ անգամ ևս իր երկրի անհանգստություն է արտահայտել Գազայի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և քննադատության ենթարկել Թելավիվի որդեգրած քաղաքականությունը:

Թուրքական կողմի պնդմամբ, Իսրայելը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը: Դավութօղլուն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Գազայի շրջանում վերջ դրվի մարդկային ողբերգությանը, շարունակվի հանուն խաղաղության բանակցային գործընթացը և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:

Փաստորեն, պաշտոնական Անկարան նպատակադրվել է ոչ միայն Հարավային Կովկասում խաղաղարարի դեր ստանձնել, այլև Մերձավոր Արևելքում:

Իսրայելի`տարածաշրջանային նախկին դաշնակից Թուրքիան, այսօր այդ երկրի հանդեպ հարաբերություններում հանդես է գալիս շատ ավելի կոշտ դիրքերից:  Վերլուծաբանների դիտարկմամբ, դա նախ և առաջ պայմանավորված է այն փաստով, որ ներկայումս պաշտոնական Անկարան  ձգտում է մեծացնել իր  ազդեցությունը մահմեդական աշխարհում: Իսկ այդ նպատակին հասնելու ամենահեշտ տարբերակը, իհարկե, մահմեդական աշխարհի «թիվ մեկ թշնամուն»` Իսրայելին հակադրվելն է:

Իհարկե, հակաիսրայելական քաղաքականության հարցում Թուրքիան իր «ոտքերը» շատ երկար ձգել չի կարող, բնականաբար, վախենալով ամերիկյան հակազդեցությունից:

Ինչևէ, տեղեկացնենք, որ Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին այսօր կանչվել է Թուրաքիայի արտգործնախարարություն: Հանդիպումը կայանալու է ուշ երեկոյան, իսկ մինչ այդ` թուրքական լրատվամիջոցները խոսում են միայն  թուրք-իսրայելական ճգնաժամի մասին:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն