Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական

Կասպյան ավազանում մեծանում է լարվածությունը

Օգոստոս 18, 2009թ. 19:32

Ժամանակն է սանձել Ադրբեջանի հերթական ագրեսիան

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային քաղաքականության ծանրության կենտրոնը սահուն տեղափոխվում է Կասպյան ավազանի շուրջ: Armar.am կայքն արդեն անդրադարձել է Կասպից ծովի օգտակար հանածոների պատճառով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծագած հակամարտությանը: «Քյապազ» («Սարդար»), «Չիրագ» («Օսման») և «Ազերի» («Խազարա») նավթահանքերի պատճառով մերձափնյա այդ երկու պետությունները փաստորեն կանգնել են պատերազմի նախաշեմին և միայն պաշտոնական Աշխաբադի իմաստուն քաղաքականությունն է, որ դեռևս զսպում է` վիճահարույց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական կողմի ցանկությունները:

Բնական է, որ Կասպից ծովի ավազանում առաջացած այդ լարվածությանը անտարբեր չեն կարող մնալ Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի իշխանությունները: Իրանական կողմը բազմիցս արտահայտել է Կասպից ծովի ապագա կարգավիճակը հարևան երկրների հետ քննարկելու իր պատրաստակամությունը: Սակայն, Ադրբեջանի սադրիչ քայլերը հաճախ պատճառ են դարձել, որպեսզի պաշտոնական Թեհրանը առավել վճռական լինի Կասպից ծովում իր շահերը պաշտպանելու հարցում: Այսպես, այն պահից, երբ Ադրբեջանի ղեկավարությունը զորավարժություններ անցկացրեց ծովում, իրանցիները հետախուզական էքսպեդիցիա ուղարկեցին վիճելի տարածքներ` տեղի նավթագազային պաշարները ուսումնասիրելու և հետագայում արտահանելու նպատակով;

Չնայած նրան, որ ադրբեջանական նավատորմը մի քանի անգամ գերազանցում է թուրքմենական նավատորմի հզորությունը, այնուամենայնիվ, Ալիևի կառավարությունը գիտակցում է, որ Իրանը և Ռուսաստանը թույլ չեն տա, որպեսզի Թուրքմենիայի հետ Ադրբեջանը փորձի ուժային մեթոդներով լուծել իր խնդիրները: Դրանից զատ, Բաքվում զգուշանում են, որ Թուրքմենիայի հետ հարաբերությունների կտրուկ սրացումը կարժեզրկի Ադրբեջանի` տարանցիկ երկիր դառնալու նշանակությունը: Ուստի և, Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է այս հարցին քաղաքական լուծում տալ:

Ադրբեջանը, որ Կասպյան տարածաշրջանում որպես գլխավոր հակառակորդներ դիտարկում է Իրանին ու Ռուսաստանին, որոշել է այս խնդրի մեջ ներքաշել նաև նշված երկրների գլխավոր հակառակորդին` Արևմուտքին: Երեկ Ռամիզ Մեհտիևի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը) կողմից ղեկավարվող, սակայն «անկախ ռազմական փորձագետ» ներկայացող Ուզեիր Ջաֆարովն ու Իլդրըմ Մամեդովը տեղեկատվական դաշտում արդեն իսկ սկսեցին շրջանառել այս միտքը: Իհարկե, ադրբեջանցիները խուսափեցին խնդրի բուն էությանից և հարցը ներկայացրեցին` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներին զինամթերք մատակարարելու լույսի ներքո: Ադրբեջանցի «փորձագետները» հայտարարեցին, թե հայաստանյան ռազմաբազաները զինամթերքով մատակարարելու համար ռուսական կողմն օգտագործում է երկու երթուղի` Ռուսաստան-Կասպից ծով-Իրան-Հայաստան և Ռուսաստան-Ղազախստան-Տաջիկիստան-Իրան-Հայաստան: Նրանք կարծիք էին հայտնել, թե Հայաստան տեղափոխված զինամթերքն իրականում տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետագայում օգտագործվելու է Ադրբեջանի դեմ: Հիշյալ «փորձագետներն» Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկել են` «Կասպյան պահակախումբ» (Caspian Guard) ծրագրի վերսկսման ուղղությամբ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:

Ակնհայտ է, որ ադրբեջանցիների այս առաջարկն ուղղված չէ Հայաստան մտնող զենքի քանակը վերահսկելուն: Բաքվում հիանալի գիտակցում են, որ Գյումրիյում տեղակայված ռուսական ռազմակայաններ զենք մատակարարելու համար Ռուսաստանը կարող է օգտագործել նաև ավիացիայի հնարավորությունները: Պարզապես, ադրբեջանցիների նպատակն այլ է, նրանք փորձում են ուժերի հավասարակշռություն ստեղծել Կասպից ծովի ավազանում` այստեղ հրավիրելով արևմտյան ռազմական ուժերին:

Ադրբեջանական կողմի այս առաջարկը հստակ գնահատականի է արժանացել Ռուսաստանում, ուր, իհարկե, տեղյակ են, որ ԱՄՆ-ը «Lily Pad» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում արդեն իսկ ստեղծել է ծովային հրամանատարաշտաբային կենտրոն և մի քանի ռազմական օդանավակայաններ: «Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որպեսզի Կասպից ծովը շարունակի մնալ բարիդրացիության, կայունության և փոխշահավետ համագործակցության գոտի: Այդ նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման վերաբերյալ բանակցային գործընթացը», – օգոստոսի 17-ին Աստրախանում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, դրանով իսկ, կարծես, նախազգուշացնելով Ադրբեջանի կառավարությանը:

ՌԴ նախագահը կոչ է արել` Կասպից ծովի անվտանգության ապահովման նպատակով Բաքվում կազմակերպել փորձագետների հանդիպում և հինգ կողմերի միջև համաձայնագիր մշակել. §Ռուսական կողմը հանդես է գալու նման հանձնարարականով»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Խնդրի կարևորությունն ընդգծելու նպատակով, Ռուսաստանի ղեկավարությունը փորձել է նաև փոքր-ինչ շանտաժի ենթարկել Ադրբեջանին: Այսպես, ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել առ այն, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միավորված շտաբի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը կարող է զորքեր տեղակայել Դաղստանում և Դագոմիսում` Հայաստանի տրանսպորտահաղորդակցման ցանցի անվտանգության ապահովման նպատակով:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը միայն նման քարոզչական մեթոդներով չի սահմանափակվելու: Եվ եթե Ադրբեջանը չհրաժարվի «Կասպյան պահակախումբ» ծրագրի վերսկսման գաղափարից, ապա երկու պետությունների միջև բավական լուրջ հակասություններ կառաջանան: Պաշտոնական Բաքվին լուրջ խնդիրներ են սպասում նաև Իրանի հետ հարաբերություններում: Ճիշտ է, Թեհրանից դեռ չեն արձագանքել` Արևմուտքին Կասպյան հարցերի մեջ ներքաշելու Ադրբեջանի ցանկությանը, բայց ակնհայտ է, որ Իրանն ամեն ինչ կանի դեպքերի նման զարգացումը կանխարգելելու նպատակով:

Ամփոփելով վերոնշյալը` փաստենք, որ Ադրբեջանը մի երկիր է, որն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, ինչն ի ցույց է դնում այդ երկրի քաղաքականության ագրեսիվությունն ու ապօրինի պահանջատիրությունը: Եվ եթե պաշտոնական Բաքվին երբևէ հաջողվի իրականացնել իր ապօրինի ցանկությունները, ապա տարածաշրջանը կկանգնի լուրջ հակամարտության վտանգի առաջ: Հակամարտություն, որն իր բացասական ազդեցությունը կունենա Հարավային Կովկասի, Կասպից և Սև ծովերի ավազանների բոլոր երկրների վրա:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`