Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ռուդիկ Հյուսնունց.«Մենք կտրականապես դեմ ենք, որ ղարաբաղյան հարցը քաղաքական շահարկումների նյութ դառնա ներհայկական, առավել ևս` ներհայաստանյան դաշտում» …

Հոկտեմբեր 17, 2009թ. 13:14

rudikՀայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ տարաբնույթ հայտարարություններ, կարծիքներ են հնչում։ Ադրբեջանա-թուրքական կողմը փորձում է դրանք առավելապես կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։
Հայկական կողմը, բնականաբար, այս ամենը մի հարթության վրա չի դիտարկում։
Ի՞նչ կարծիք ունեն այս և ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների մասին ԼՂՀ-ում։

Սեր զրուցակիցն է ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը։

Պարոն Հյուսնունց, Ձեր կարծիքով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ի՞նչ կերպ կարող է անդրադառնալ Ղարաբաղի և ղարաբաղյան  խնդրի վրա:

-Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Նախ` ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի մասին որևէ ուղղակի նշում չկա: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ կանխավ դատապարտում է հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան կարգավորման գործընթացը փոխկապակցելու ցանկացած փորձ: Եվ առ այսօր, կարծես, պահպանվում է այդ տրամաբանությունը:

Մյուս կողմից` Թուրքիան երբեք չի թաքցրել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումները, և չենք կարող բացառել, որ հետագայում չի փորձի ավելի անմիջական դարձնել իր մասնակցությունը կարգավորման գործընթացին: Նման օրինակներից մեկը տեսանք հենց վերոնշյալ արձանագրությունների ստորագրման օրը, երբ թուրքական կողմը փորձեց նախատեսված բանավոր հայտարարությունների տեքստում անդրադառնալ նաև ղարաբաղյան խնդրին:

Այլ կերպ ասած` այս զարգացումների արդյունքում հայկական կողմը հավասարապես կարող է և շահել, և կորցնել. երկու տարբերակի հավանականությունն էլ առկա է, այլ հարց է` ինչպես կօգտագործվեն եղած հնարավորությունները:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Էրդողանի, գրեթե ամեն օր հնչող հայտարարություններին` կապված «ադրբեջանական տարածքների» վերադարձման հետ:

-Իսկ մի՞թե Թուրքիան այս տարիների ընթացքում որևէ այլ կարգի հայտարարություններ է արել. այդ երկիրը երբևէ չի թաքցրել ղարաբաղյան հարցում իր ադրբեջանամետ պահվածքը: Ասենք, ժամանակին հայ-թուրքական սահմանի փակումն էլ դրա դրսևորումներից մեկն էր:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի կողմից վերջերս արված հայտարարություններին, ապա դրանք, կարծում եմ, ավելի շատ ադրբեջանական լսարանին էին հասցեագրված: Իսկ այդ առթիվ մեր մտահոգությունները ոչ ավելացել են և ոչ էլ՝ պակասել:

-Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե  ղարաբաղյան հիմնախնդիրն այլևս   վերջնական փուլում է: Ի՞նչ էր ակնարկում Ալիևը:

-Բայց չէ՞ որ Հայաստանի նախագահն էլ, իր հերթին, հակառակ բովանդակությամբ հայտարարություն է արել, ընդ որում, այդ ընթացքում ոչ երկիմաստորեն նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպման մասին Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական կողմը դրան որևէ կերպ չի արձագանքել: Կարծում եմ` արժե ավելի շատ այդ մասին մտածել:

-Այլևս պահը չէ՞ որ Ղարաբաղը, որպես անկախ սուբյեկտ, ներգրավվի բանակցություններում:

-Հենց իրենք` ղարաբաղյան խնդրով զբաղվող միջնորդներն են բազմիցս հայտարարել, որ վերջնական կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ մասնակցության:  Իսկ թե դա երբ կլինի` կարծում եմ, կախված չէ հենց Ստեփանակերտից:

– «Ժառանգություն» խմբակցությունը  վերստին  ՀՀ  խորհրդարան  է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:  Որքանո՞վ եք իրատեսական համարում այսօր այդ քայլը:

-Կարծում եմ` ՀՀ ԱԺ քաղաքական հիմնական ուժերն արդեն հասցրել են այս կամ այն կերպ իրենց կարծիքն արտահայտել այդ հարցի կապակցությամբ: Այնպես որ` չեմ կարծում թե որևէ անակնկալ կլինի:

Բայց նշեմ մի շատ կարևոր հանգամանք.  մենք  կտրականապես դեմ ենք, որ ղարաբաղյան հարցը քաղաքական շահարկումների նյութ դառնա ներհայկական, առավել ևս` ներհայաստանյան դաշտում:

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն