Ալիևների կլանը քամում է երկրի նավթի և գազի պաշարները
Աշխարհում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր բացասական ներգործությունն է ունեցել աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա:
Բացառություն չեն կարող կազմել այն երկրները, որոնք զբաղվում են արտահանումով: Նավթ և գազ արտահանող պետությունների թվում է նաև Ադրբեջանը: Այս երկիրը ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը տեսնում է իր բնական պաշարների անխնա օգտագործումը:
Իրողությունն այն է, որ ալիևների կլանը, նավթադոլարների մոլուցքով տարված, ուղղակի, քամում է երկրի նավթի և գազի պաշարները:
Trend.az-ը փոխանցում է ադրբեջանական «ԱզերՏաջ» պետական գործակալության տվյալները, որի համաձայն նախարարների պալատում նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած լսումների ժամանակ Էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նաթիկ Ալիևը հանդես է եկել զեկույցով, ուր նշված է. «2009 թ-ի հունվար- սեպտեմբեր ամիսների ընթացքում արտահանվել է 37 միլիոն տոննա նավթ, ինչը 5.372 միլիոն տոննայով ավել է ծրագրվածից, 2.964 միլիոն տոննայով էլ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրան գումարվում է նաև 17 միլիարդ խորանարդ մետր գազը»:
Նույն գործակալության փոխանցմամբ, հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվել է 27.3 միլիոն տոննա նավթ, իսկ 2006թ-ին նավթամուղի գործարկումից հետո, այնտեղով տեղափոխել է ավելի քան 100 միլիոն տոննա նավթ:
Այս տվյալները փաստում են, թե ինչ ոգևորությամբ են Ադրբեջանի «ղեկավար այրերը» վատնում բնական պաշարները` ապավինելով նոր նավթահորերին` չփորձելով կամ չցանկանալով հաշվարկել դրանց սպառման կարճ ժամկետները:
Ի դեպ, գործարկվել է հերթական նոր` «Շահ Դենիս» նավթահորը, ինչի հետ Ալիևյան կլանը` նավթային նոր շահույթների ստացման առումով, մեծ հույսեր է կապում:
Եվ իհարկե, բնական պաշարների անխնա վատնման այս փաստերը, ալիևյան կլանն իր հասարակությանը ներկայացվում է իբրև «կարևորագույն և լուրջ քայլ` Ադրբեջանի էներգետիկ անկախության ամրապնդման գործում»:
Արմենուհի Կարեյան












