Թուրքիայի երկակի արտաքին քաղաքականությունը
Այս կիրակի թուրքական TRT հեռուստաալիքի «Քաղաքական վերափոխություն» կիրակնօրյա հաղորդման հյուրն էր երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Հաղորդման ընթացքում Գյուլը վերլուծել է Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը:
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նախագահը կենտրոնացել է հայ-թուրքական արձանագրությունների և իսրայելա-թուրքական ճգնաժամի վրա:
Ըստ Գյուլի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նախևառաջ ապահովելու է ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Բայց նա միաժամանակ նկատել. «Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները չեն վերականգնվել, Կովկասում անհնարին կլինի կայունություն և անվտանգություն ապահովել»: Ապա նկատել է.«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը հնարավոր է` դրականորեն անդրադառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում»: Փաստորեն, Թուրքիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետը հետևյալն է` հայ զինվորները պետք է հեռանան, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից»:
Իհարկե, ի տարբերություն վարչապետ Էրդողանի, Գյուլն իր խոսքերում առավել զսպվածություն է ցուցաբերել այնքանով, որքանով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը չի պայմանավորել ղարաբաղյան հիմնախնդրով:
Ինչ վերաբերում է իսրայելյան խնդրին, ապա Գյուլը հիշեցրել է, որ Թուրքիան տարածաշրջանի այն միակ երկիրն է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի և Իսրայելի, և Արաբական աշխարհի հետ: Չնայած հարաբերությունները կառուցվում են ամուր հիմքերի վրա, Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, սպառնացել է իր դաշնակից Թելավիվին` ասելով. «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ անարդարության հանդեպ»: Դրանով ակնարկել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:
Թուրքիայի նախագահ Գյուլի` արտաքին քաղաքականությանն առնչվող նման վերլուծությունից կարելի է հանգել միայն մեկ եզրակացության` պաշտոնական Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ, ինչպես միշտ, երկակի խաղ է խաղում: Այսպես, մի կողմից կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, մյուս կողմից` այդ նույն հարաբերությունները պայմանավորում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ ու վստահեցնում Ադրբեջանին, որ այս հարցում կարող է իր վրա լիովին հույս դնել:
Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում և Իսրայելի հետ. մի կողմից փորձում է ամբողջովին հարաբերությունները չխզել Թելավիվի հետ, սակայն միաժամանակ ստեղծելում է արհեստական լարվածություն, դա օգտագործելով Արաբական աշխարհին առավել մերձենալու համար:
Ինչպես նկատում են վերլուծաբանները, քաղաքականության մեջ միշտ չէ, որ երկակի խաղերն արդյունավետ են լինում, նրանք շատ հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում ու գործում հենց այդ խաղացողի դեմ:
Armar.am
Թեգեր` TRT հեռուստաալիք, Աբդուլա Գյուլ, Ադրբեջան հայ-թուրքական հարաբերություններ ղարաբաղյան հիմնախնդիր, Արաբական աշխարհ, Թուրքիա-Հայաստան, Իսրայել












