Խարխլվում է «Մեկ ազգ-երկու պետություն» թյուրքական թեզը
«Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ադրբեջանցիների նկատմամբ դավաճանություն է»: Այս մասին Դեյ.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցի հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովը:
Ադրբեջանցի իրավագետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կատարած այն հայտարարությունները, որոնց համաձայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը մեծապես կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ, այդպես էլ մնալու են որպես ամպագոռգոռ հայտարարություններ:
«Թուրքական իշխանությունների նմանօրինակ հայտարարությունները միմիայն ուղղված են հանդարտեցնելու` ադրբեջանական ժողովրդի մոտ առաջացած մտահոգությունները:
Թուրքական իշխանություններն իրենց գործողություններով միանշանակ կասկածի տակ են դնում «Մեկ ազգ-երկու պետություն» կենսունակ թեզը, ինչով էլ մինչ վերջին ժամանակներս բնորոշվում էին թուրք-ադրբեջանական հարաբերությունները»:
Իսմայլովը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է դիվանագիտական հարաբերությունների սկզբունքը, որում ժողովուրդների զգացմունքայնությունն ակնհայտորեն զիջում է ծայրահեղ պրագմատիկ ընկալումներին:
Այսպիսի իրավիճակներում, գործընթացի սուբյեկտներ հանդիսացող պետությունների համար, բացառապես կարևոր գործոն է դառնում պետությունների շահերը, որում զգացմունքայնությունը էապես զիջում է մնացած գործոններին:
Հայտնի փաստաբանը նաև նշել է, թե չի հասկանում, թե որն է թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացվող սառը և հաշվենկատ քաղաքականության պատճառը: Չէ՞ որ Ադրբեջանը այդպիսի քաղաքականություն չի իրականացրել Թուրքիայի նկատմամբ: Թե՞ Թուրքիան մոռացել է, որ արդեն բավական երկար ժամանակ Ադրբեջանից գազ է ներկրում, միջազգային գներից 3 անգամ ցածր գներով:
Ադրբեջանի անկեղծ եղբայրական, բարեկամական գործողություններին ի պատասխան, Թուրքիան արդեն որերորդ անգամ ցուցաբերում է ոչ բարեկամական մոտեցում, ինչը դավաճանությունից բացի այլ կերպ դժվար է որակել:












