Գլխավոր » Լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ոստիկանապետին

Հոկտեմբեր 19, 2009թ. 16:10

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը  դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին.

«Հարգելի պարոն Սարգսյան.

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած քաղաքացի Հասմիկ Ասլանյանի դիմումի կապակցությամբ Ձեր թիվ 35/1076 գրությամբ հայտնել էիք, որ Հ. Ասլանյանի դիմումը մերժվել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով, քանի որ վերջինս հանդիսացել է ՌԴ քաղաքացի: Ինչ վերաբերում է կեղծ հիմքերով ՌԴ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու հանգամանքին, ապա գրությամբ միաժամանակ հայտնել էիք, որ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի շրջանի ՆԳԲ-ում կատարվում է ծառայողական քննության, որի արդյունքները ստանալուն պես կրկին անգամ կանդրադառնաք դիմումի քննությանը:

Վերոնշյալի վերաբերյալ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ոստիկանության նշված դիրքորոշումը փաստում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ միևնույն երևույթի վերաբերյալ տարբերակված, խտրական մոտեցում ցուցաբերելու մասին, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով, համաձայն որի` ՙբոլոր մարդին հավասար են օրենքի առջև»:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք նույնաբնույթ են եղել (հիմնականում` պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք), սակայն ՀՀ ոստիկանությունը և պետական պաշտոնատար այլ անձինք գտել են, որ այլ երկրի քաղաքացիություն ստացած անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, իսկ այլ պետության քաղաքացիություն ձեռք են բերել օրենքի խախտմամբ:

Մինչդեռ քաղաքացի Հասմիկ Ասլանյանի պարագայում ոստիկանությունը գտնում է, որ Հ. Ասլանյանին հնարավոր չէ փաստաթղթավորել, քանի որ ինքը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի` հաշվի չառնելով, որ վերջինիս ՀՀ քաղաքացիության փաստը չի դադարել կամ նա քաղաքացիությունից չի զրկվել:

Նշենք նաև, որ ՀՀ քաղաքացիությունից զրկելը, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելը հանդիսանում է ՀՀ Նախագահի բացառիկ լիազորությունը, հետևաբար, ՀՀ ոստիկանությունը օժտված չէ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունից զրկելու իրավասությամբ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով` կրկին անգամ առաջարկում եմ իմ կողմից 29.09.2009թ. կայացված «Խախտում հայտնաբերելու և այն կատարած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու մասին» որոշման պահանջները մանրակրկիտ քննարկման ենթարկել»:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն