Ադրբեջանցի պատգամավորները կիսել են Անկարա կատարած այցի իրական տպավորությունները
Հոկտեմբերի 14-ին Թուրքիա այցելած ադրբեջանցի 11 պատգամավորները դեռ Անկարայի օդանավակայանում թուրք լրատվամիջոցներին տված ճեպազրույցում հայտարարել էին, թե Թուրքիայից հեռանում են լավ տպավորություններով, քանի որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իրենց հավաստել է, որ հավատարիմ է մնում Ադրբեջանի խորհրդարանում իր տված խոստումներին, և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան Ադրբեջանի համար կանի հնարավորը:
Սակայն Ադրբեջան հասնելուն պես ադրբեջանցի պատգամավորները որոշել են սեփական լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ առավել անկեղծորեն արտահայտել իրենց իրական տպավորությունները, որոնք, պարզվում է, զգալիորեն տարբերվում են Թուրքիայում հնչեցված լավատեսական հայտարարություններից:
Պատվիրակության անդամները հայտարարել են, որ նման քաղաքականության դեպքում Թուրքիան Ադրբեջանի համար շատ շուտով կդառնա ընդամենը հարևան երկիր: Ավելի ստույգ` պատգամավորներից Հուդրատ Հասանգուլիևը նշել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը վերջ կդնի Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական և ռազմավարական հարաբերություններին:
Ըստ ադրբեջանցի պատգամավորների, բոլոր թուրքական հեռուստաալիքները զբաղված են արձանագրությունների նախագծի քարոզչությամբ և գովասանքով: Ավելին, տեղեկացրել են, որ թուրքական հեռուստաալիքներից մեկի` «Kanal D»-ի հաղորդումներից մեկի ժամանակ ասվել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեղավորը ադրբեջանական կողմն է:
Armar.am












