«Արցախ ֆրութ»-ն իր ապրանքանիշով աշխարհին Արցախն է ներկայացնում
Այս տարվա եղանակային անբարենպաստ պայմաններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան նաև միրգ ու բանջարեղեն մթերող ընկերությունների վրա, դա է պատճառը, որ «Արցախ ֆրութ» ընկերությունում տարվա արդյունքներից առանձնապես գոհ չեն:
2009թվականից առ այսօր «Արցախ ֆրութ»-ը մթերել է մոտ 300 տոննա տարբեր տեսակի բանջարեղեն ու հատապտուղ, հիմնականում` լոլիկ, բադրիջան, բիբար, հոն և մոշ:
Ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը նշում է. «Այս տարվա պլանները, փաստորեն, ամբողջությամբ չիրականացվեցին: Մթերման ցուցանիշները անբավարար են, համենայն դեպս` ավելի մեծ ծավալներ էինք նախատեսել»:
Տարվա արդյունքներից գոհ չեն նաեւ հողօգտագործողները: Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքի բնակիչ Զարզանդ Միքայելյանը, որը ընկերության մատակարարներից մեկն է` դժգոհ է ստացված բերքից: Արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է «Արցախֆրութ»-ի հետ: Այս տարի անբարենպաստ եղանակը թույլ չտվեց ժամանակին եւ նախատեսված ծավալներով իրականացնել պայմանագրային պարտավորությունները: Ընկերությունում որպես ձեռքբերում արձանագրում են այն փաստը, որ այս տարվա արտադրանքի սպառման հարցն արդեն կարգավորված է: Աշխատանքներ են ընթանում նոր պայմանագրեր կնքելու եւ շուկան արտասահմանյան երկրներում ընդլայնելու համար:
Ինչպես տեղեկացրեց «Արցախ ֆրութ» ՓԲԸ տնօրեն Գագիկ Ներսիսյանը, ընկերության արտադրանքն արտահանվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, այլեւ Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա: Ընկերության արտադրանքը թե ներքին, թե արտաքին շուկայում սպառողին է ներկայանում «Արցախ ֆրութ» ապրանքանիշով, ինչը Գագիկ Ներսիսյանի խոսքերով` Արցախը ներկայացնելու եւս մեկ տարբերակ է:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












