Ադրբեջանա-թուրքական ճակատը սկսել է ճաքեր տալ
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո աշխատանքային մեկ շաբաթ անցավ: Այդ ընթացքում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում ծավալվեցին քաղաքական քննարկումներ, բանավեճեր, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ:
Հայկական կողմն անհանգստություն էր հայտնում, որ թուրքերը հերթական անգամ կփորձեն նախապայմանների լեզվով խոսել ու արձանագրություններում ներառել մեզ համար անընդունելի կետեր, իսկ ադրբեջանաթուրքական ճակատը ոչ միայն հայտնվեց հիստերիկ շփոթմունքի մեջ, այլև սկսեց նույնիսկ ճաքեր տալ:
Հետարձանագրային շաբաթվա առաջին օրը Հարավկովկասյան հասարակություններն արթնացան ադրբեջանական վայնասունից: Իլհամ Ալիևը դավաճանության մեջ մեղադրեց թուրքերին ու նաև սպառնաց, որ արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել և հայերի հետ «դժոխքի բաժին դառնալու» ապագա ցանկացավ նաև իր ավագ եղբայրներին:
Հաջորդ օրը ադրբեջանցի մի քանի պատգամավորներ մեկնեցին Անկարա` թուրքերից հավատարմության երդում ստանալու: Ու չնայած անհրաժեշտ երդումը ստացան, (Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոստացավ չանել այնպիսի քայլեր, որը կարող են վնասել եղբայրական Ադրբեջանի շահերը), սակայն նույն օրն իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկերոջը հոգեկան հիվանդ անվանեց: «Հայաստանին հաջողվեց ջախջախել թուրքական լեգենդար դիվանագիտությունն ընդամենը երեքուկես ժամվա ընթացքում: Ես կարող եմ ասել, որ միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կարող է ստորագրել այդ արձանագրություններն ու հետո անհոգ ժպտալ: Ահմեդ Դավութօղլուն միայն ժպտում էր: Ես կասկածներ ունեմ, որ նա հոգեկան խնդիրներ ունի»,– սրանք Մամեդյարովի խոսքեր են: Նա նաև զգուշացրեց` եթե Բուրսայում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանն արգելվի ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ, ապա իրենք դա կդիտարկեն որպես լիակատար դավաճանություն: Ադրբեջանական կողմի այս խիստ նախազգուշացումն ունեցավ իր ազդեցությունը ու չնայած նրան, որ Բուրսայի քաղաքապետը նախապես հայտարարել էր, թե արգելվում է ադրբեջանական դրոշների մուտքը մարզադաշտ, սակայն այդ պահանջը, միանշանակորեն անտեսվեց և Ադրբեջանի դրոշները մտան մարզադաշտ: Անգամ հեռուստախցիկներն էին հասցրել որսալ դրանց ներկայությունը:
Սակայն Բաքուն շարունակում է հոխորտալ իր մեծ եղբոր վրա: Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ ադրբեջանցի ցուցարարներն այրեցին Գյուլի, Էրդողանի ու Դավութօղլիի նկարները` վանկարկելով` «Թուրքիան մեզ դավաճանել է», «Ամոթ Թուրքիայի կառավարությանը», որ ընդունում է Հայաստանի նախագահին:
Չենք կարող նաև չարձանագրել, որ այս ամենի արդյունքում զգալիորեն փոխվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հասարակական, քաղաքական կյանքը: Ադրբեջանի խորհրդարանում` տեղի ազգային սոցիալիստական կուսակցության առաջարկով, արդեն քննարկվում են հայ-թուրքական արձանագրություններն ու սահմանների հնարավոր բացման հարցը: Առաջարկվել է նաև հետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին և վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաև պաշտոնական Անկարան: Էլ չենք խոսում Թուրքային մատակարարվող գազի գնի թանկացման մասին, որ օրերս, իբրև սպառնալիք, հայտարարեց Ադրբեջանի նախագահ Ալիևը:
Մինչդեռ աշխարհի տարբեր ծայրերում փաստաթղթերի ստորագրումը գնահատվեց որպես պատմական քայլ: Եվրոպական երկրները, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ողջունեցին հաշտության առաջին քայլը: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համակարծիք են:
Հայաստան-Թուրքիա սահմաններն, ըստ ֆրանսիական առաջատար պարբերականների, անցնում է Սևրի պայմանագրի քարտեզով: Տարածաշրջանի էներգետիկ ուղիների քարտեզն, ի դեպ, կազմել են Միացյալ նահանգների կառավարության էներգետիկայի դեպարտամենտն ու կենտրոնական հետախուզական վարչությունը:
Արդեն հոկտեմբերի 17-ին Հայաստանին վերաբերող մեկ այլ տեղեկատվություն հերթական սառը ցնցուղը դարձավ ադրբեջանական կողմի համար. Հայաստանին պատրաստվում են առաջարկել, միանալ «Նաբուկկո» ծրագրին: Գազատարի կառուցմանը կմասնակցի ֆրանսիական GdF Suez էներգետիկ հոլդինգը, որը նպատակահարմար է համարում ճանապարհի հայկական հատվածը: Վրաստանը եվրոպացիների համար վստահելի գործընկեր չէ:
Շաբաթվա մեկ այլ կարևոր տեղեկություն ևս. Հայաստանի հետ հաշտեցման քայլերից հետո թուրքական կողմը հերթական անգամ դիմեց Եվրամիությանը` անդամության թեկնածությունն առաջադրելու համար: Եվրոպական պատասխանն առավել քան եվրոպական էր` հաշտեցման քայլեր արել է Հայաստանը, դրա համար նրան պետք է շնորհակալություն հայտնել: Ինչն ապացուցում է, որ Եվրոպան կրկին չի ուզում թուրքերին ընդունել իր շարքերը:
Այստեղ, իհարկե, նշմարելի է համով կորեկի քաղաքականությունը: Այլ հարց է, թե դրանք ինչ ախորժակով կըմբոշխնեն հայաստանյան իշխանությունները:
Սպասենք զարգացումների ընթացքին:
Նաիրի Հոխիկյան












