Գլխավոր » Լրահոս

Արման Մելիքյան. «Հայաստանը գլխապատառ մտավ մի գործընթացի մեջ, որտեղից ակնկալիքներ չունի»

Հոկտեմբեր 20, 2009թ. 13:47

«Փաստարկ» ակումբի հյուր ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իր մտահոգությունները.

«Իրավիճակը մտահոգիչ է ոչ այն պատճառով, որ Հայաստանը և Թուրքիան սկսել են մերձեցման գործընթաց, այլ այն պատճառով, որ սկիզբն ու վերջը անհասկանալի են:

Հայաստանը գլխապատառ մտավ մի գործընթացի մեջ, որտեղից ակնկալիքներ չունի, քանի որ վստահություն չկա, որ գործընկերը խաղի մեջ կմնա մինչև վերջ»:

Արման Մելիքյանն անհանգստացած էր, որ ՀՀ ղեկավարությունն  անգամ չի տեսնում հարաբերությունների կարգավորման հեռանկար, քանի որ չկա վստհություն, որ այդ արձանագրությունները կվավերացվեն:

«Մեզ սպասվում են դժվար տարիներ, և իշխանությունները չեն բացառում անգամ պատերազմի վտանգը: Իսկ արձանագրությունները սկզբում այնպես էին ներկայացվում, թե քննարակման փուլ են անցնելու, սակայն ինչպես տեսանք` իրականում ամեն ինչ նախապես որոշված էր և ոչ մի ընդդիմադիր կարծիք հաշվի չառնվեց»,- ասաց Արման Մելիքյանը:

Բանախոսն անհանգստացած էր, որ այդ հարաբերությունները հայ ժողովրդին բաժանում են երկու մասի`  դեմերի ու կողմերի:

Մելիքյանը չմոռացավ նաև ընդդիմադիրներին ու ներկայացրեց նրանց թույլ կողմերը.

«Թույլ լինելու առաջին պատճառն այն է, որ գոյություն ունի արտաքին ճնշում: Իսկ ճնշում են գերտերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրամիությունը: Երկրորդ պատճառը ներքաղաքական իրավիճակն է, երբ ընդդիմադիր կողմը չի կարողանում համախմբվել  և համախոհներին մեկտեղել, քանի որ միայն այդ դեպքում հավանական կլինի արձանագրությունների վավերացմանը դիմակայելը»:

Ընդդիմադիր դաշտի միջև առկա  վիհը Արման Մելիքյանը ևս չանտեսեց` պատճառաբանելով այն հանգամանքով, որ և’ ՀՅԴ-ն, և’ ՀԱԿ-ը պատրաստ չեն ընդդիմադիր կեցվածքի ղեկը զիջել միմյանց, այլ  յուրաքանչյուրը ցանկանում է իր տեսակետն առաջ տանել և ինքը լինել ընդդեմ արձանագրությունների հանդես եկող միասնական ուժի ղեկավարը: Իսկ եթե յուրաքանչյուրը մի կողմ դնի անցյալից եկող անհամաձայնությունները, ապա  խնդիրները կլուծվեն` ՀՅԴ-ի դեպքում դա Ցեղասպանության չուրացումն ու ճանաչումն է, ՀԱԿ-ի դեպքում` ժողովրդավար պետության ստեղծումը:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն