Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Արհեստական պատմության ձևավորումը ՀՀ ներկա արտաքին քաղաքականության համատեքստում

Հոկտեմբեր 20, 2009թ. 15:02

kartaՎահրամ Միրաքյան

«Հայ երիտասարդությո´ւն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտի կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտի կարողանա՞ս վագրային կեցվածք ընդունել:

Պատասխանի´ր, պիտի կարողանա՞ս… »

Գարեգին Նժդեհ[1]

Ապացուցված է, որ ազգային ավանդույթներից օտարացումը մեծացնում է անդրազգային և ներքին ԶԼՄ-ների մանիպուլյացիոն կառավարման հնարավորությունները[2]: Սակայն ավանդույթներից զրկելուց բացի տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ուժեղացման առումով առավել կարևոր է հանրությանն ավելի համակարգված և «ռացիոնալ» գիտելիքից` սեփական պատմությունից օտարացումը: Ազգերի «պատմական հիշողության» մեջ ներառված են սիմվոլներ, ստերեոտիպեր և ընդհանրապես խտացված տեղեկատվություն, որը ձեռք է բերվել դարերի ու հազարամյակների ընթացքում և ինքնապահպանման մեծ դեր ունի թե հոգեբանական, թե ֆիզիկական առումով: Պատմական հիշողությունն է միավորում հասարակությանը և ապահովում ազգի ներկայացուցիչների միջև հեշտ հաղորդակցումը:

Եթե պետական նպատակամղված քաղաքականություն չիրականացվի, պատմական հիշողության ոչնչացման իդեալական հնարավորություն են ստեղծում ժամանակակից լրատվամիջոցները, որոնք, գործելով կոմերցիայի օրենքներով, մեծամասամբ անուշադրության են մատնում պատմական հիշողության պահպանումն ու հանրության դաստիարակությունը: Եթե նախկինում պատմական անցյալը որպես խտացված տեղեկատվություն փոխանցվում էր էպոսի, պատմվածքների, հեքիաթների տեսքով, այժմ ազգային պատմությանը փոխարինել են արտասահմանյան ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Ճիշտ է, դպրոցներում և համալսարաններում պատմություն անցնում են, բայց այն չունի այն շեշտադրումները, որոնք ժողովուրդը տալիս էր պատմությանը էպոսում կամ հեքիաթում: Բացի այդ, դասագրքային պատմությունը չի կարող դիմանալ հոլիվուդյան նորագույն տեխնոլոգիաներով նկարահանված ֆիլմերի հետ մրցակցությանը: Դրան էլ գումարվում է «շոու-բիզնես» կոչված երևույթի ազդեցությունը, որը պատանիների և երիտասարդների համար կուռքեր է ձևավորում այնպիսի կերպարներից, որոնք մեծամասամբ չեն կարող որևէ դրական դեր ունենալ ազգի հզորացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման հարցերում:

Այսպիսով, ստեղծվում է մի վիճակ, երբ հանրության ուշադրության կենտրոնում է միայն այն տեղեկատվությունը, որին անդրադառնում են լրատվամիջոցները, իսկ լրատվամիջոցներն անդրադառնում են հիմնականում այդ պահի կամ մի քանի օր առաջ կատարված իրադարձություններին, իսկ մնացած ժամաքանակը հատկացնում են ժամանցային ծրագրերին և նյութերին:

Ժամանակակից լրատվամիջոցների նման քաղաքականության պատճառով, օրինակ, իր ողջ կյանքը հայրենիքին և ազգին նվիրած և հայրենիքի համար էլ զոհված Մոնթե Մելքոնյանին ժամանակակից երիտասարդությունն ավելի վատ է ճանաչում, քան ամերիկացի «աստղ» Բրիտնի Սպիրսին: Իսկ ժամանակակից լրատվամիջոցների տեխնիկական հնարավորությունների միջոցով Բ. Սպիրսի նման մարդկանց ճանաչելը ոչ միայն տեղեկատվություն է, այլև վարք և բնավորություն ձևավորող գործոն:

Ինչքան էլ լրատվամիջոցները որոշեն զանգվածների հիշողութան բովանդակությունը, որոշ ստերեոտիպեր և կերպարներ, որպես հանրային անվտանգության համակարգ,  մնում են ազգերի պատմական փորձից: Այդպիսին է օրինակ «թուրքի» կերպարը հայ հասարակությունում, որը ձևավորվել է դարերի համատեղ կյանքից և պատմական փորձից:

Քաղաքական ճգնաժամերի ժամանակաշրջանում պատմական հիշողության ջնջումն իրականացվում է նպատակամղված` համապատասխան քաղաքական ուժերի շահերի: Անցյալի նկատմամբ իրական կողմնորոշումից զրկվելու դեպքում մարդիկ կորցնում են նաև ապագայի մասին ռեալ ծրագրեր կազմելու հնարավորությունը և խոցելի են դառնում մանիպուլյացիայի համար:

Մեզանում պատմության վերաիմաստավորման և պատմական հիշողությունից ելնող զգոնության ոչնչացման նոր քաղաքականություն սկսվեց ՀՀ երրորդ նախագահի ժամանակաշրջանում, երբ իշխանությունները սկսեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, իսկ հայ-թուրքական դարավոր համատեղ կյանքը հայկական շրջանակներում ձևավորել էր թուրքի այնպիսի կերպար, որը խոչընդոտում էր իշխանությունների քաղաքական նոր կուրսին: Այսպես սկսվեց պատմական հիշողության ջնջումն ու պատմության «վերաիմաստավորումը»:

Հանկարծ դարերով թշնամի թուրքը «դարձավ» չեզոք` «հարևան» ձևակերպմամբ: Թուրքերի` հայերի նկատմամբ դաժանությունների ու անմարդկային վերաբերմունքի փոխարեն սկսեցին հիշատակել, ասենք, հայ մարզիկների գործունեությունը Օսմանյան Թուրքիայում: Դարերի պատմական փորձից և ներկա Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականությունից ելնելով` Թուրքիայի հետ «բարեկամանալ» չցանկացողներին սկսեցին անվանել «զգացմունքային» մարդիկ և այլն:

Բանը հասավ նրան, որ Հայաստանում սկսվեց նույն հարթությամբ դիտարկվել հայերի ու թուրքերի արարքները: Հայ ազգին իր հայրենիքի մեծ մասից զրկած, հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն իրականացրած թուրքերի և հայերի միջև հավասարության նշան դրվեց, ու հայերին էլ սկսեցին մեղադրել «թուրքերին կոտորելու» մեջ: Նույն տրամաբանությամբ ինչ-որ թուրքագետ Արտակ Շաքարյան հայաստանյան հեռուստատեսության եթերից կոչ արեց հասկանալ նաև թուրքերին, որոնք «տուժել են ԱՍԱԼԱ-ի գործունեությունից»[3] (չի կարելի նույն հարթությամբ դիտարկել ցեղասպանող ազգի ու նրա զոհի վրեժխնդրությունը): Այդ նույն տրամաբանությամբ ակտիվիստներ են ձերբակալվում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու համար։ ՀՀ ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է` հայ-թուրքական թշնամանքի հրահրում։ Ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ դատապարտվում և կասեցվում են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին[4]։

Այսպիսով, սկսվեց կոլեկտիվ պատմական հիշողության քայքայումն ամենախորքից: Թուրքիայի և թուրքի կերպարը Հայ ազգի համար ունի այլ նշանակություն, քան, ասենք, արաբի կամ բյուզանդացու կերպարը, և թուրքի կերպարի փոփոխությունը կարող է շատ ավելի խորքային հետևանքներ ունենալ: Թուրքիայի կերպարի փոփոխման տեղեկատվական քաղաքականությունը կարող է մեր ինքնության համար կործանիչ հետևանքներ ունենալ: Եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը նույն ուղով շարունակվի, աստիճանաբար մոռացության կմատնվեն ազգային պատմության խորհրդանիշերը և հերոսները, որովհետև հպարտություն առաջացնող Նժդեհի և Անդրանիկի կերպարներն արդեն պետք չեն լինի, մինչդեռ միայն նրանց գոյությունը հանրային հիշողությունում ապահովում է հակաթուրքական տրամադրվածություն: Արդեն իսկ հանրությունը և անհատները մեծամասամբ կորցրել են անցյալը վերլուծելու և դրա հիման վրա ներկա դիրքորոշում ընդունելու կարողությունը և հիմնվում են միայն ԶԼՄ-ների տված օրվա տեղեկատվության վրա: Իսկ ԶԼՄ-ները մեծ մասամբ ծառայում են կամ իշխանական, կամ ինչ-որ քաղաքական ուժերի:

Երբ հանրության հիշողությունից ջնջվում կամ փոխվում է պատմական անցյալը, ստեղծվում է մի վիճակ, երբ ազգը ապրում է պատմությունից կտրված, «արհեստականորեն» ստեղծված պատմական ժամանակաշրջանում, որը ոչ մի կապ չունի իրական պատմության ընթացքի և անցյալի հետ: Մենք այժմ գտնվում ենք նման արհեստական պատմական ժամանակաշրջանում, երբ Թուրքիան շարունակում է հակահայկական գործողությունները[5], իսկ մեզանում դրանց չեն անդրադառնում, և միաժամանակ պատմական անցյալի հանդեպ ներկայիս քաղաքականությանը «խանգարող» իրադարձություններն ամեն կերպ մոռացության են մատնվում ու փոփոխվում:


[1] Գարեգին Նժդեհ, «Երկեր», հատոր առաջին, Երևան 2002թ. էջ 102

[2] С. Г. Кара-Мурза, “Власть манипуляции”, Москва, “Академический проект”, 2007г. С. 244

[3] Նման հայտարարություն Արտակ Շաքարյանը արել է հոկտեմբերի 17-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից:

[4] «Ձերբակալություն Վանաձորում», http://hetq.am/am/criminal/vanadzor-8/

[5] Թուրքիայում ակտիվ հակահայկական քարոզ է տարվում, մասնավորապես 2009թ.-ի սկզբին մոտ 12 միլիոն թուրք աշակերտի ցուցադրեցին հակահայկական ֆիլմեր: Թուրքիան շարունակում է քարոզչական, ռազմական, դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանին, Թուրքիայի ղեկավարներն ակտիվորեն հանդես են գալիս Ադրբեջանի օգտին հակահայկական հայտարարություններով և այլն:


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն