Ֆրանսիայում ավարտվել է Կոմիտասյան շաբաթը
Հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով ավարտվել է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Համերգին ներկա են եղել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական և հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ:
Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը, Ջուլիետա Գալստյանը և Հասմիկ Թորոսյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, «Նաիրի» խումբը՝ Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակը (Ֆրանսիա)։
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) և Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային և համաշխարհային երաժշտության զարգացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի ստեղծագործությունները Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում:












