Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին

Հոկտեմբեր 20, 2009թ. 16:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությունը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում եւս շարունակելու է հավատարիմ մնալ դրան:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը:

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին եւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին: Տիկին Քեյդանաուն կարեւորել է ժողովրդավարացման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ վերջերս կիրառված համաներումը, նշելով, որ այն եւ դրան հաջորդած քայլերը դրական մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն