Մշակութային համագործակցությունը կթուլացնի՞ քաղաքական լարումը
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ինչպե՞ս է կառուցվելու Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցությունը։
Հարցի շուրջ իր տեսակետն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության աշխատակից Սվետլանա Սահակյանը:
«Հայ-թուրքական մշակութային համագործակցությունը մինչ օրս իրականացվում է ոչ պաշտոնական մակարդակով, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։ Սակայն դա չի նշանակում, որ մշակութային համագործակցություն չի եղել. մեր ստեղծագործական խմբերը, մշակույթի և արվեստի գործիչները, առանձին հրավերներով, մասնակցել են փառատոնների կամ այլ ծրագրերի։ Դրանք եղել են գեղարվեստական և թատերական խմբեր… Անցած տարի նույնիսկ փորձ արվեց հասարակական կազմակերպությունների շրջանակներում իրականացնել հայ-թուրքական թատերական նախագիծ, որը նախաձեռնել էր Սուրեն Շահվերդյանը։
Մենք մինչ օրս այդ ծրագրերի մասին ուղղակի իրազեկվում էինք, քանի որ չկային դիվանագիտական հարաբերություններ, և պարտավոր էինք գոնե տեղյակ լինել, թե մեր կոլեկտիվները Թուրքիա մեկնելիս ո՞ր միջոցառումներին կամ ծրագրերին պետք է մասնակցեին։ Մեզ համար դա զուտ տեղեկատվություն էր, որին պետք է տիրապետեինք։
Ինչ վերաբերում է ներկայիս զարգացումներին, ապա, անշուշտ, արձանագրությունների ստորագրումը որակական նոր մակարդակի վրա կդնի մշակութային համագործակցությունն այն տեսանկյունից, որ մենք, որպես առաջին քայլ, առաջին հերթին կփորձենք նախաձեռնել և միջգերատեսչական կամ մշակութային հարցերի հանձնաժողովի շրջանակներում քննարկել Հայաստանի և Թուրքիայի մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության մասին միջգերատեսչական փաստաթղթի ստորագրումը։ Այդ փաստաթղթի ստորագրումը, որը կարող է լինել ծրագիր կամ համաձայնագիր, ավելի կանոնավոր հիմքերի վրա կդնի համագործակցությունը։ Փաստաթղթի ստորագրումը մեզ մի շարք առավելություններ կտա այն տեսանկյունից, որ, վկայակոչելով եվրոպական մի շարք կոնվենցիաներ, կկարողանանք հնարավոր դարձնել Թուրքիայի սահմաններում գտնվող հայկական հուշարձանների համատեղ վերականգնման, համատեղ ուսումնասիրման գործընթացները։ Ընդ որում, բոլորն են երևի տեղյակ, որ Անիի վերականգնված եկեղեցին, ճիշտ է` առանց խաչի, բայց բացվեց։ Այսինքն՝ երկկողմ համագործակցություն իրականացնելու ճանապարհին առաջին քայլերից մեկը կլինի այս փաստաթղթի շրջանառությունը, հետագայում նաև՝ դրա ստորագրումը։
Փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա նաև ապահովել երկու երկրների մշակույթի գործիչների միջև շփումներն ու ուղիղ համագործակցությունը, որը, իհարկե, մինչ այդ էլ այս կամ այն ձևաչափով իրականացվում էր։ Օրինակ՝ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում թուրք կինոգործիչներ էին գտնվում Հայաստանում, մերոնք էլ՝ մշտապես մասնակցում են Տրապիզոնի թատերական փառատոնին։ Այսինքն՝ տվյալ ձևաչափերով այդ համագործակցությունն ավելի կակտիվանա։ Միևնույն ժամանակ, դա մեզ հնարավորություն կտա փորձել ուսումնասիրել և վերականգնել այն շերտը, որը տարիների ընթացքում քրդացել է կամ կորցրել իր ազգային դիմագիծն ու ավանդույթները։
Երբ սկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, նախարարությունն իր կողմից կփորձի հնարավորինս խթանել այն գործընթացները, որոնք կարող են ի նպաստ ծառայել մեր մշակութային ժառանգության պահպանմանը, մշակույթի հանրահռչակմանը։
Այս տեսանկյունից, կարծում եմ, այդ հանձնաժողովի աշխատանքը մեզ հնարավորություն կտա ավելի ակտիվացնել ուղիղ համագործակցությունը, որը հասարակական կազմակերպությունների շրջանակներում արդեն իսկ կայացած է, և միգուցե, մենք կառաջնորդվենք այն սկզբունքով, որ մշակույթը և մշակութային համագործակցությունը շատ դեպքերում կարող են կոտրել գոյություն ունեցող քաղաքական մի շարք պատնեշներ։ Անշուշտ, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր պահանջատիրական իրավունքներից, մոռանանք մեր պատմությունը և անցյալը։ Բայց այս հանձնաժողովի շրջանակներում աշխատանքները կարող են նպաստել մշակութային համագործակցության կայացմանը և ինչ-որ տեղ թուլացնել այն լարումը, որն այս պահին մեր հասարակության մեջ կա»։












