Թուրքիայի վարչապետն անհողդողդ է
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ադրբեջանին վստահեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս չի մոռանա Բաքվին տված խոստումները:
Ավելի վաղ ելույթ ունենալով ադրբեջանական խորհրդարանում՝ նա հայտարարել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Մենք հավատարիմ ենք Ադրբեջանին տված խոստումներին, և դրանցից մեկ քայլ անգամ ետ չենք գնա», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին:
«Մենք չենք կատարի որևէ քայլ, որը կարող է անհանգստություն պատճառել ադրբեջանցի մեր եղբայրներին, թող նրանք դրանում չկասկածեն: Ադրբեջանական դրոշը մենք նույնքան սուրբ ենք համարում, որքան թուրքականը, իսկ ադրբեջանական հողերը՝ նույնքան սուրբ, որքան թուրքականը: Ոչ ոք չպետք է փորձության ենթարկի Թուրքիայի անկեղծությունը», – նշել է Թուրքիայի վարչապետը:












