Պաշտոնական Թելավիվը առաջին նախազգուշացումն է արել Անկարային
Թելավիվն այլևս չի վստահում Անկարային:
Իսրայելի վարչապետ Բենջիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող «արդար միջնորդ» լինել Իսրայել–Սիրիա բանակցություններում:
Հայտարարությանն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր իսրայեցի պաշտոնակցին ասել է. «Թուրքիան հարգանքով է վերաբերվելու նաև իրեն չվստահողներին»: Ապա օրինակ բերել Կիպրոսի, Հայաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները և շեշտել է, որ տարածաշրջանի երկրներն այլևս վստահում են Թուրքիային:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի օրոք Թուրքիայի միջնդորությամբ Սիրիայի և Իսրայելի ներկայացուցինչերը հինգ անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դրանք դադարեցվեցին Գազայի հատվածում սկսված ռազմական գործողությունների պատճառով:
Իսրայելի նկատմամբ Թուրքիայի որդեգրած կոշտ քաղաքականության դեպքում չի բացառվում, որ Թելավիվը իրականում հրաժարվի Անկարայի միջնորդությունից: Այս առումով Նեթանյահույի հայտարարությունը կարելի է դիտել որպես նախազգուշացում:
Քրիստինե Մելքոնյան












