Ադրբեջանը սկսել է խեղճանալ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի անկայուն ու հոխորտացող պահվածքից զայրացած, դարձյալ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում Ադրբեջանին ձեռնունայն թողնել:
Մինչ պաշտոնական Անկարան փորձում է հասկացնել իր փոքր եղբորը, որ դավաճանության մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների թեման: Սակայն իրականում Ադրբեջանում նոր ուղիներ են փնտրում երկու երկրների կապերն էլ ավելի ամրապնդելու համար: Պատգամավոր Իքրամ Իսրաֆիլը առաջարկել է, թե երկու երկրների հարաբերությունները չլարելու համար Բաքուն թշնամիներից ազատագրելու օրվա կապակցությամբ սեպտեմբերի 15-ը հայտարարել թուրք-ադրբեջանական բարեկամության օր: Պատգամավոր Իբալ Ագազադեն էլ խորհուրդ է տվել Թուրքիայի դրոշը Ադրբեջանում ամենաբարձր տեղում կախել, շեշտելով, որ դրոշի իջեցումը թշնամական որոշում էր:
Թե ինչով է պայմանավորված դիրքորոշումների նման փոփոխությունը, անհասկանալի է: Գուցե Ադրբեջանը գիտակցել է, թե առանց թուրք եղբայրների գոյատևել չի կարող, կամ էլ սկսել է խեղճանալ Անկարայի կառավարության բավականին կոշտ վերաբերմունքից:
Մինչ այդ Թուրքիայից շարունակում են փոքր եղբորը հասկացնել, որ նրա հիստերիաներն իրենց վրա որևէ ազդեցություն չի գործում, քանզի իրենց համար կարևորը միայն Թուրքիայի շահերն են:
Իսկ գուցե այս ամենը մեկ բառով կոչվում է թուրքական կեղծ դիվանագիտությո՞ւն:
Ք.Մ.












