Գլխավոր » Լրահոս

Դեյվիդ Հոֆման. «Հայկական երաժշտությունը զգացմունքային է և շատ հարմար ֆիլմում օգտագործելու համար»

Հոկտեմբեր 21, 2009թ. 09:30

Ամերիկյան փաստագրական կինոյի վետերան ռեժիսորներից Դեյվիդ Հոֆմանը հայ-ամերիկյան «20 տարվա համագործակցություն» ծրագրի շրջանակներում գտնվում է  Երևանում և հայ հանդիսատեսին ներկայացնում է իր ֆիլմերի ստեղծման պատմությունը:

Ամերիկայի դեսպանատունը կազմակերպել էր հանդիպում ռեժիսորի հետ: Մինչ ներկաներին կինոյի մասին դասեր տալը` Դեյվիդ Հոֆմանն անդրադարձավ Google-ին և YouTube-ին ` ներկայացնելով դրանց յուրահատկություններն ու որոնման գործընթացում առկա նրբությունները: Ներկաները պարզեցին, որ YouTube-ում հաջողության հասնելու համար հարկավոր չէ մի քանի միլիոն դոլար ծախսել, քանի որ հաջողություն կարող է բերել անգամ 100 դոլար «բյուջե» ունեցող ֆիլմը: Իսկ նման ֆիլմի նախատիպ ունեցել է ռեժիսորը, երբ իր նկարած իրական հարսանիքը մեծ շահույթներ է բերել:

Չնայած առաջին անգամն է Հայաստանում, սակայն արդեն իսկ հասցրել է իր ֆիլմերից 25-ում օգտագործել հայկական երաժշտությունը:

«Հայկական երաժշտությունը զգացմունքային է և ֆիլմում օգտագործելու համար շատ հարմար, քանի որ զգացմունքն ամբողջությամբ փոխանցում է: Հայերիդ բախտը բերել է, ֆիլմի երաժշտության ստեղծման համար դուք երգչախմբի կարիք չեք ունենա, բավարար կլինի միայն մեկ  երաժշտության ընտրություն, և դուք կարող եք ունենալ գերազանց երաժշտությամբ ֆիլմ»,- ասաց Դեյվիդ Հոֆմանը:

Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հայաստանի մասին ֆիլմ նկարել, հայտնի ռեժիսորն ասաց, որ այս անգամ դա չի անի, քանի որ նախ «իր հոգում պետք է մնա Հայաստանը», հետո միայն մտածի ֆիլմի մասին: Իսկ ավելի կոնկրետ ասաց. «Եթե Ամերիկայի դեսպանատունն ինձ կրկին հրավիրի Հայաստան, ապա այդ ժամանակ կմտածեմ ֆիլմի մասին, իսկ թե ինչի՞ մասին կլինի ֆիլմը, կիմանաք այդ ժամանակ»:

Ա. Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն