Հայաստանը պատրաստ է դիմակայել «խոզագրիպին»
«Հայաստանն ունի Տամիֆլյու դեղամիջոցի այն նվազագույն քանակը, որպեսզի կարողանա կանխարգելել կամ դիմակայել AH1N1 գրիպի վիրուսին»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Օրեցօր ավելի մեծանում է այն երկրների թիվը, որտեղ գրանցվում են «խոզագրիպով» վարակման և այս վարակից մահացության դեպքեր, իսկ ԶԼՄ-ներում հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ գրիպով վարակվածների թիվն իրականում ավելի մեծ է, քան հայտարարվում է: Հայաստանն այս առումով թերևս հաջողակների ցուցակում է` վիրուսի հայտնաբերման օրից մինչ այժմ վարակի ոչ մի դեպք հանրապետությունում չի արձանագրվել. այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում, դեռևս 2009 թվականի ապրիլից, երբ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց վիրուսի մասին, «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել է երկու ջերմացույց, որոնք հնարավորություն են տալիս հեռավորության վրա որոշել` տվյալ ուղևորը ջերմություն ունի՞, թե՞ ոչ: Սարքի օգնությամբ մինչ օրս հայտնաբերվել է 10 կասկածելի դեպք` մարդիկ, ովքեր արտերկրից հանրապետություն են մուտք գործել բարձր ջերմությունով և գրիպի ախտանիշներով: Սակայն հոսպիտալացման և հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք բորբոքային բնույթի այլ հիվանդություններ են:
Այս միջոցառումներից բացի, ուղևորներին տրամադրվում են «Առողջության հարցաթերթիկներ» , որտեղ նշվում է տվյալ ուղևորի բնակության վայրը, անձնագրի տվյալները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բոլոր միջոցառումներն իրականացնել: Համաճարակի կանխարգելման նպատակով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկ ամբողջ մասնաշենք մասնագիտացվել է նմանատիպ հիվանդների բուժման համար և անհրաժեշտության դեպքում պետպատվերի շրջանակներում կբուժի հիվանդներին: Այստեղ գործում է նաև լաբորատորիա, որը վերազինված է ժամանակակից սարքավորումներով, և որտեղ կարող է հայտնաբերվել և բուժվել ինչպես AH1N1 գրիպը, այնպես էլ սեզոնային գրիպի բոլոր ենթատեսակները, այդ թվում` նաև Թռչնի գրիպը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եկող շաբաթ կայանալիք միջազգային խորհրդակցությանը կքննարկվեն պատվաստանյութի վերաբերյալ բոլոր նորությունները և մտավախությունները: Նոյեմբերի առաջին տասնամյակում Հայաստանում սպասում են ԱՀԿ-ի կողմից առավել խոցելի խմբերի համար տրամադրվող պատվաստանյութերի առաջին չափաբաժինը: Հայաստանում այդպիսիք համարվում են առողջապահության համակարգի աշխատողները, ովքեր անմիջականորեն կապ ունեն հիվանդների հետ:
Վարակի մասին բազմիցս խոսվում է ամենատարբեր ԶԼՄ-ներով: Հասաարակությանն այդ մասին առավելագույնս իրազեկելու նպատակով լրատվամիջոցներին ավելացել է «Կանխարգելենք գրիպը» հուշաթերթիկը, որտեղ մանրամասն նկարագրվում են բոլոր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հիվանդությունը կանխարգելելու համար: Այս ամենին ավելացել է նաև Առողջապահության նախարարության թեժ գիծը: Զանգահարելով 528872 և 650305 հեռախոսահամարներով` քաղաքացիները կարող են իրենց հուզող հարցերի պատշաճ պատասխանը ստանալ:
ՀՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը չբացառեց «խոզագրիպի» ներթափանցումը հանրապետություն, բայց և վստահեցրեց, որ հիվանդների բուժումը կկատարվի պետպատվերի շրջանակներում:
Կարինե Պետրոսյան












