Ահմեդ Դավութօղլու. «Մեր նպատակն է առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մեջ»
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացմանը: Եվ այսօր դրանք` Թուրքիայի կառավարության կողմից ներկայացվեցին խորհրդարանի վավերացմանը:
Ելույթ ունենալով խորհրդարանում, Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կողմ է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Դավութօղլուն ասել է, թե Դավութօղլուն, դիմելով խորհրդարանականներին, ասել է.«Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը մեր երկրի շուրջ խաղաղության, բարգավաճման ու կայունության գոտի ստեղծելն է: Ներկայումս Կովկասում ստեղծված ստատուս–քվոն չի համապատասխանում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի շահերին, այդ իսկ պատճառով թուրքական կողմն իրականացնում է «նախաձեռնություններ՝ ուղղված խաղաղ ճանապարհով դրա փոփոխությանը՝ նոր ռիսկերի և լարվածության տարածքների ի հայտ գալը թույլ չտալու համար»:
Ըստ նրա, արձանագրությունները ստորագրելով` Անկարան երեք հիմնական նպատակ է հետապնդում. բարիդրացիական հարաբերությունների հաստատում Հայաստանի և Թուրքիայի միջև, ամուր կապուղիների ստեղծում հայերի և թուրքերի միջև, ընդ որում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես նաև առաջընթացի ապահովում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մեջ, «որը վերջ կդնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը միջազգային իրավական նորմերի հիման վրա: «Այս բոլորը մեկը մյուսին լրացնող տարրեր են»,- եզրակացրել է Դավութօղլուն:
Թուրքական ԱԳՆ ղեկավարի ելույթը բազմիցս փորձել է ընդհատել ընդդիմությունը, որը հանդես է եկել արձանագրությունների վավերացման դեմ և դրանց ստորագրումը համարում է դավաճանություն։
Armar.am












