Գլխավոր » Լրահոս

Հայկ Քոթանջյան. ՀՀ Նախագահի նախաձեռնությունը միտված է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

Հոկտեմբեր 21, 2009թ. 18:13

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը նոր հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:

Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի` հոկտեմբերի 8-11-ը Մոսկվայում տեղի ունեցած տարեկան գիտա-կիրառական համաժողովի ժամանակ ներկայացրած զեկույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին` Հայկ Քոթանջյանն ասել է.

«Հայաստանի հավասարակշռված մասնակցությունը միջազգային անվտանգության տարբեր կազմակերպություններին, նրա արտաքին քաղաքական նախաձեռնությունները միտված են Հարավային Կովկասում կայնության համար միջազգային աջակցության ներուժի ավելացմանը, որն իրականացվում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի` իր Մինսկի խմբով, ՀԱՊԿ-ի` Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման, ՆԱՏՕ-ի` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի, ԵՄ-ի` «Արևելյան գործընկերություն» ինտեգրացիոն ծրագրի, Սևծովյան տնետսական համագործակցության կազմակերպության ֆորումների միջոցով, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և տարածաշրջանի երկրների ջանքերով»:

Հայկ Քոթանջյանի խոսքով, տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում առանցքային կարևորություն ունի նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների այս տարվա հուլիսի արած համատեղ հայտարարությունը:

«Ղարբաղում տարածաշրջանային անվտանգությունն աղետալի տապալման ներուժ ունեցող պատերազմի չվերսկսման հուսադրող գործոն է հակամարտող կողմերի միջև համաձայնությունը Մինսկի խմբի համանախագահության առաջարկի վերաբերյալ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման հիմնական սկզբունքներ են ընդունվում ՄԱԿ Կանոդադրության երեք հիմնարար սկզբունքները` «ուժի չկիրառումը», «ժողովուրդների ազատ ինքնորոշումը» և «տարածքային ամբողջականությունը»:

Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գործընթացի վրա անպատճառ դրական է ազդում նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անխափան երկխոսությունը, որն ուղեկցվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ղեկավարների աջակցությամբ»,- նշել է քաղաքագետը:

Տեղեկացնենք, որ Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի վերջին` 7-րդ գիտա-կիրառական համաժողովը տեղի էր ունեցել Երևանում` 2008 թվականի դեկտեմբերին:

Հարվարդի համալսարանի այս ծրագիրը հիմնվել է 2001 թվականին` համագործակցության և ինտեգրացիայի միջոցով տարածաշրջանի անվտանգության ապահովմանը նպաստելու նպատակով:

Այն հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների քաղաքագետներին ու զինվորական գործիչներին` շփվել միմյանց և ամերիկացի գործընկերների հետ, հասկանալ միմյանց պատկերացումներն ու խնդիրներն առկա մարտահրավերների վերաբերյալ: Ծրագրում նախապես ընդգրկվել են 11 երկրներ` ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա և Ուկրաինա: 2005 թվականից նշված երկրներին միացել է նաև Ղազախստանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն