Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սևանի ավազանում պոչամբար կառուցելու տեխնիկան գաղտնի բերվել է Հայաստա՞ն

Հոկտեմբեր 22, 2009թ. 09:00

sevanԲնապահպանները հավատում են նախագահ  Սարգսյանի խոստմանը

Հանրության շրջանում կարծես թե հանդարտվել են  խոսակցություններն այն մասին,  համաձայն որոնց Սևանի ավազանում պետք է ոսկու հանքարդյունաբերություն ստեղծվեր և հանքանյութը մշակվեր տեղում: Ոսկու մշակումը Սևանի հանքավայրի համար նորություն չէր լինի, քանի որ խորհրդային տարիներին ևս Սևանի ավազանից ոսկի էր արդյունահանվում: Սակայն այն ժամանակ ստացված հանքանյութը մշակվում էր Արարատում, իսկ արդյունահանման հետևանքով առաջացած ցիանիդով հագեցած ջրերը լցվում էին Արաքս գետը:

Սակայն այսօր կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, թե «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որում ընդգրկված են տարբեր ազգության ներկայացուցիչներ, ցանկանում է ոսկու հանքանյութի մշակումն իրականացնել Սևանում, ինչը նշանակում է, որ այստեղ կառուցվելիք պոչամբարը մի քանի տարի հետո Հայաստանի գոհարը ճահճի կվերածի:

Կազմակերպությունը հանքանյութի տեղափոխում-մշակումից հրաժարվում է տեղափոխման ծախսերի պատճառով: Սակայն խոշոր հաշվով դա այդ նույն արտասահմանյան կազմակերպության խնդիրն է, և եթե այն չլուծվի այլ ճանապարհով, կհանգեցնի հայ ժողովրդի համար մի նոր լուրջ խնդրի առաջացման: Քանի որ մենք այնպիսի սեյսմակայուն գոտում ենք բնակվում, որ եթե անգամ պոչամբարը բավական հուսալի կառուցված լինի կամ շահագործումից հետո փակվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ տարածքում երկրակեղևի տատանումներ չեն լինի, և թունաքիմիկատները ստորգետնյա ջրային ցանցով չեն տարածվի:

Հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մի շարք բնապահպանական կազմակերպություններ բողոքի ակցիաներ կազմակերպեցին` պահանջելով պահպանել Սևանը: Նմանատիպ գործարանի կառուցումն արգելվում էր նաև օրենքով: Սակայն որոշ գործարարներ այնքան համարձակություն ունեցան, որ հայտարարեցին, թե օրենքը կդրվի քննարկման և կփոխվի: Սակայն նման փոփոխություններ տեղի չունեցան, իսկ Սոթքում նմանատիպ պոչամբար կառուցելու մասին խոսակցությունները չմարեցին: Մեզ հասած տվյալներով` պոչամբարի կառուցման համար նախատեսված տեխնիկան արդեն իսկ գաղտնի ներմուծվել է Հայաստան և Սոթքում հատուկ հսկողության տակ է պահվում:

Տեղեկատվությունը  ճշտելու նպատակով դիմեցինք «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանին:

Տիկին Դանիելյանն այնքան էլ չզարմացավ մեր հարցումից, քանի որ իրեն էլ բազմիցս նման լուրեր են հասել: Սակայն, որպես Հանրային խորհրդի անդամ և իր գործի գիտակ անձնավորություն, ասաց, որ խոսակցություններն իսկապես վտանգավոր են, սակայն ինքը հավատում և վստահում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Միայն երկու անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով բնապահպանական թեմաներ քննարկելու նպատակով` փորձել եմ ճշտել, թե որքանով է հավանական, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը փորձի Սևանի ավազանն օգտագործել սեփական բիզնես նպատակով: Նախագահը երկու անգամ էլ միանշանակ բացասական պատասխան է տվել և հավաստիացրել, որ  չի ձեռնարկվի այն, ինչը կարող է վնասել Սևանին»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Արմենուհի Կարեյան


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն