Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՀՀ և ԼՂՀ նախագահները զինծառայողներին հանձնեցին բնակարանների վկայականները

Հոկտեմբեր 22, 2009թ. 09:30

3Հոկտեմբերի 21-22-ը երկօրյա   աշխատանքային այցով ԼՂՀ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահին ուղեկցում  էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի ուղղաթիռները վայրէջք կատարեցին Հադրութի շրջանում` Մեխակավանի մերձակայքում: Բարձրաստիճան հյուրերին  դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և  սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Մեխակավանում բարձրաստիճան հյուրերին ընդունեցին կրկնակի ոգևորությամբ.   շահագործման էր հանձնվում սպայական և ենթասպայական անձնակազմի համար նախատեսված հերթական բազմահարկ շենքը: Բնակարանների վկայականները զինծառայողներին հանձնեցին երկու երկրների նախագահներն ու պաշտպանության նախարարները:

35 բնակարանանոց շենքի շահագործումն իրականացրել է «Վարարակն» ՓԲԸ-ն` մեկ տարուց պակաս ժամկետում: Շինարարական աշխատանքների համար հատկացվել է  286 միլիոն դրամ:

Հարդարված ու կահավորված այս բնակարաններին շատերն էին անհամբերությամբ սպասել:  Ավագ լեյտենանտ Էմին Ղազարյանին այս բարի լուրն հասել էր ծառայության  պահին, երբ գտնվում էր  մարտական դիրքերում: Բնակարանային  նորմալ պայմանների բացակայության պատճառով Էմինը ստիպված էր հեռու ապրել իր ընտանիքից և ուրախ է, որ  արդեն կարող է Հայաստանից Արցախ տեղափոխել ծնողներին:

Երկու երկրների Նախագահների և նրանց ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաների այցելության հաջորդ մեկնակետը հանրապետության հարավային մասում  տեղակայված զորամասերից մեկն էր. զորամասում շահագործման հանձնվեց տեխսպասարկման և վերանորոգման` ժամանակակից  տեխնիկայով հագեցված նոր կետ, որից հետո բարձրաստիճան այցելուները ծանոթացած զորամասի առօրյային, եղան ուսումնական կենտրոնում:

Նույն օրը զորամասի վերանորոգված  շտաբի նիստերի դահլիճում հայկական երկու հանրապետությունների ղեկավարների ու պաշտպանության նախարարների  մասնակցությամբ ծավալվեց քննարկում բանակաշինության արդի խնդիրների   շուրջ, որից հետո բարձրաստիճան պաշտոնյաներն ուղևորվեցին ԼՂՀ մայրաքաղաք` Ստեփանակերտ:

Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն