Թուրքիան պարզապես հանգստացնում է իր փոքր եղբորը
Այսօր նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով թուրքական կողմից անվերջ հնչող հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի առանց ղարաբաղյան հարցի (բնականաբար, հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականւթյան) լուծման. «Դա միայն թուրքերի ցանկությունն է, ոչ ավելին: Այսօր տարածաշրջանում իշխանության համար պայքարող Թուրքիան դժվարությամբ է հրաժարվում իր` տարիներ շարունակ հայտարարած սկզբունքներից»:
Հանրապետական պատգամավորի խոսքերով`թուրքական մեջլիսը պետք է վավերացնի արձանագրություններն այն տեսքով, ինչպես դրանք ստորագրվել են` առանց մեկնաբանությունների և ավելացումների: Հակառակ դեպքում` հայկական կողմը համապատասխան կերպով կարձագանքի` անելով պատասխան մեկնաբանություններ, կամ պարզապես չի վավերացնի:
Անդրադառնալով Սփյուռքի արձագանքներին` պատգամավորը ևս մեկ անգամ հաստատեց իշխանությունների և իր կուսակիցների կողմից բազմիցս հնչած հայտարարությունն այն մասին, որ «սփյուռքի բացարձակ մեծամասնությունը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն»:
Պատգամավորի խոսքերով` արձանագրությունների վավերացումը Թուրքիայի համար էլ հեշտ գործընթաց չի լինելու. նա ստիպված է լինելու բազմաթիվ փոփոխություններ կատարել իր օրենսդրական դաշտում:
ArmAr-ի թղթակցի այն հարցին, թե արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանը ի՞նչ փոփոխություններ պետք է մտցնի, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ դրանք հիմնականում կկատարվեն հարկային և մաքսային դաշտերում և պետք է ուղղված լինեն հայ արտադրողի շահերը պաշտպանելուն, ֆինանսական ու հարկային հոսքերը կարգավորելուն: Իհարկե, այդ ամենը կարվի արձանագրությունների վավերացումից հետո միայն:
ArmAr.am












