Վլադիմիր Կարապետյան. «Երկիրը կանգնած է մարտահրավերների առաջ»
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք ըստ նրա, ներքաղաքական ճգնաժամը, քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարության նահանջը, ԼՂՀ հարցը և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրն են։
Գոյություն ունեցող խնդիրների ֆոնի վրա հայ–թուրքական գործընթացի նախաձեռնումը, ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, լի է մարտահրավերներով և հետապնդում է այլ նպատակ։
«Ես հանգում եմ այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է այս վտանգավոր խաղը միայն մի նպատակով՝ շեղել հասարակության ուշադրությունը երկրում ահագնացող ապօրինություններից և կամայականություններից, շեղել միջազգային հանրության սևեռումը երկրում առկա քաղբանտարկյալների խնդրից և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված բանականությունից դուրս մեղադրանքից և ազատությունից զրկելու քայլերից»,– հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։
Անդրադառնալով հայ–թուրքական ստորագրված Արձանագրություններին՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք կազմված են ոչ դիվանագիտորեն։ «Շատ վատ բանակցված և կազմված փաստաթղթեր են»,– արձանագրել է նա։
Armar.am












