Գլխավոր » Լրահոս

«Մի օր Թուրքիայի նախագահը Ծիծեռնակաբերդում ծաղիկ կդնի…»

Հոկտեմբեր 22, 2009թ. 15:04

Այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ուղղակի Թուրքիայի շահերից է բխում գնալ որոշակի զիջումների` իր գրաված նախկին դիրքից, մասնավորպես` մոտ 2 տասնամյակ նախապայմաններով մեր հետ հարաբերվելու սկզբունքից:

«Եղել են անցյալ տարվա օգոստոսի դեպքերը, Հարավային Կովկասում իրավիճակ է փոխվել, պատերազմը սկսողը պարտվել է և կորցրել է հսկայական 2 տարածք: Շվեյցարական պանիրի օրն է ընկել մեր հարևան պետությունը, սա է ճշմարտությունը»,-ասաց բանախոսը:

Թուրքիան չէր կարող իրեն հեռու պահել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներից: Մ. Մինասյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան ստիպված է գնացել այս քայլին, քանի որ շահեր ունի, այժմ այլ բաժանում է տեղի ունենում տարածաշրջանում… Թուրքիան, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակին է տիրապետում, դո՞ւրս մնա այս գործընթացներից: «Թուրքիան կարծում է, որ այս հատվածում պարտավոր է որոշ զիջումների գնալ, որպեսզի այս աշխարհաքաղաքական տարածքում դերակատարում ունենա: Սա իմ անձնական կարծիքն է»:

Մինասյանը նաև նկատեց, որ եթե Թուրքիան ուզում է գնալ արձանագրութունները վավերացնելու ճանապարհով, ապա ինքը պարտավոր է լինելու իր օրենքներում մի շարք փոփոխություններ մտցնել:

Այդպիսով երկրում կթույլատրվի Ցեղասպանություն բառի օգտագործումը:

«Կգա մի ժամանակ, ես համոզված եմ, ուղղակի հնարավոր է, որ իմ սերունդը դա չտեսնի, բայց կգա մի օր, որ Թուրքիայի նախագահը կգա Հայաստան և Ծիծեռնակաբերդում ծաղիկ կդնի. ուրիշ ճանապարհ Թուրքիան չունի քաղաքակիրթ աշխարհ մտնելու համար: Ինքը պիտի ապաշխարի աշխարհի առաջ, որ իր նախնիները թույլ են տվել այդպիսի ոճիր: Ինքը դրա համար ներողություն կխնդրի»,-համոզմունք հայտնեց Մ. Մինասյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն