Դավութօղլուն Մեջլիսում ունեցած ելույթում որևէ նոր բան չի ասել
Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր շրջանառվող գլխավոր թեման հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն էր թուրքական Մեջլիսում եւ դրանք խորհրդարանի քննարկմանը ներկայացնող Դավութօղլու բուռն ելույթը: Վերջինիս անդրադառնալով` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց, որ արտգործնախարարի ելույթը Թուրքիայի գործողություններից չտարբերվող քայլ է, որոնցում քաղաքագետը չի նկատում դիրքորոշման որեւէ կոշտացում կամ մեղմացում:
«Դավութօղլու` Մեջլիսում ունեցած ելույթն ինձ համար որեւէ նոր բան չի ազդարարել»,- նշեց նա` հավելելով, որ նրանցից այլ բան սպասելի չէր: Հարցն այն է, որ այդ հայտարարություններով Հայաստանը իրավական պատասխանատվություն չի ստանձնում: ՀՀ նախագահի` արձանագրությունների ստորագրման նախաշեմին ժողովրդին ուղերձով դիմելը և Թուրքիայի արտգործնախարարի` Մեջլիսում արված հայտարարություններն ուսումնասիրելիս ակնհայտ է դառում, թե ում խոսքն է հստակ, ում խոսքը` լղոզված և անիրականանալի:
Ըստ Բեքարյանի` օրերս Թուրքիայի անվտանգության խորհրդում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների շուրջ քննարկումների տևողությունն արդեն (մոտ ութ ժամ) փաստում է, որ եղել է լայն և շահագրգիռ քննարկում: Եվ թեեւ անվտանգության խորհրդի որոշումը համառոտ ներկայացվեց, սակայն հնարավոր չեղավ իմանալ բուն քաղաքական որոշումը:
Բեքարյանի խոսքերով, արձանագրությունների վավերացման չորս ճանապարհ կա`
- արագ վավերացում
- վավերացում առանց որեւէ վերապահման
- վավերացում վերապահումով
- չվավերացում
Ինչպես էլ ընթանան գործընթացները, դրանք լինելու են այս չորս տարբերակների շրջանակներում, բայց թե կոնկրետ որով կընթանան, Բեքարյանն այժմ ասել չի կարող: Բայց ասաց, որ եթե վավերացվի վերապահումով, ապա ինքն ամեն ինչ անելու է և ճիշտ կհամարի, որ Հայաստանը հայտարարի բանակցություններից դուրս գալու մասին:
Ըստ քաղաքագետի, մեր դիվանագիտությունն ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիք է զգում: Քաղաքագետը համաձայն չէ տեսակետներին, թե արձանագրություններում կան նախապայմաններ, սակայն չի ընդունում նաեւ տեսակետները, իբր ամեն ինչ հարթ է ընթանում, եւ որեւէ վտանգ չկա: Այլ նա ընտրում է դրանցի մեջտեղում եղած տեսակետը եւ կարծում է, որ միայն քրտնաջան աշխատանքով է հնարավոր գործընթացներին հայանպաստ լուծում տալ:
Ըստ Բեքարյանի, Թուրքիայի իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը կանգնած է մեծ խնդիրների առջեւ` նկատի ունենալով, որ եկող տարի այդ երկրում ընտրություններ են սպասվում: Այս ֆոնի վրա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի տապալումը, քաղաքագետի համոզմամբ, կհանգեցնի նրան, որ դրսից աջակցություն վայելող թուրքական իշխանությունն արտաքին ուժերի կողմից ճնշումների տակ կընկնի, ինչը նորանոր խնդիրների առջև կկանգնեցնի Թուրքիայի իշխող վարչախմբին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ իշխող` «Արդարություն և զքարգացում» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում չհավաքեց սպասածի չափ քվե:
Սակայն քաղաքագետը թուրքական իշխանությունների համար մեծ խնդիրներ է կանխատեսում նաեւ այն դեպքում, եթե արձանագրությունների վավերացումը ձգձգվի մինչև այդ ընտրությունները, քանի որ, ըստ նրա, կարող են այս անգամ էլ իշխանությանը հակազդել ժողովրդի քվեները: Իսկ այս ամենից խուսափելու մեկ ելք ունի Թուրքիան: Դա, Կ. Բեքարյանի կարծիքով, գործընթացները միջինից արագ դարձնելն է: Շատ արագ հանգուցալուծել ևս չի կարող, որովհետև դա կբերի Ադրբեջանի կորստին: Սա նշանակում է, որ Թուրքիան, ամեն դեպքում, արձանագրությունները կվավերացնի մինչև եկող փետրվար ամիսը:
Կ. Բեքարյանի խոսքերով, քրդական, կիպրական և հայ-թուրքական հարաբերությունների հարցերը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են, եւ դրանք այն հարցերն են, որոնցում Թուրքիան կարողանում է մանրևել: Երբ թվարկված հարցերից առաջին երկուսում չի գրանցել հաջողություն, առաջ է մղել հայկական հարցը, իսկ երբ քննարկվող հարցն առավել սրացել է, դա թողել է հանգիստ և անցել մյուս հարցերի քննարկմանը:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների մասին տեսակետներին` Կ. Բեքարյանն անընդունելի համարեց թե այն տեսակետը, որ իբր երկու պետությունների միջև բեմադրված խաղ է ընթանում, թե հակառակ տեսակետը, ըստ որի` այս ամենը շատ լուրջ է, ինչը կարող է հանգեցնել ռազմավարական գործընկերության տապալմանը:
«Իմ կարծիքով այսօր կա հակադրություն, ինչը բնական է: Դա իմիտացիա չէ, սակայն երկար տևել ևս չի կարող»,- նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը` հավելելով, որ երբ հայ-թուրքական գործընթացն ավարտվի, և սահմանը բացվի, մի կես տարի անց երկու երկրների միջև մանկական լարվածությունը կթուլանա, քանի որ Ադրբեջանը չի ցանկանա կորցնել ռազմավարական գործընկերոջը:
Մի բան քաղաքագետի համար հստակ է. «Հարկադրանքի քաղաքականությունը արդյունք չունի: Ցանկացած գործողություն, որ ծախսեր է պահանջում, բայց արդյունք չունի, պետք է վերանայվի»:
Արդյունք չունեցավ նաև շրջափակումով կամ ճնշումներով Հայաստանից զիջում կորզելը:
Armar.am












