Քուրդ պատգամավորը Թուրքիայից պահանջում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը կողմ արտահայտվելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, միաժամանակ թուրքական կառավարության առջև հնչեցրել է վերջիններիս համար ոչ հաճելի հարցադրումներ: Խոսքը վերաբերում է Հայկական հարցին: Քուրդ պատգամավորները նախ հիշեցրել են, որ Թուրքիայում «հայ», «հայկական» բառերը հնչել են իբրև անեծք, ինչը խոսում է թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ տածվող թշնամանքի մասին: Որպես ասվածի հաստատում, նրանք ներկաներին «հիշեցրել» են «Ակոսի» նախկին խմբագիր, հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը. «Դինքը թուրքական ատելության ու թշնամանքի զոհը դարձավ», -հայտարարել են քուրդ պատգամավորները:
Բացի այդ, «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրտաշը բացահայտ հայտարարել է, որ, չնայած այն բանին, որ թուրքերն այսօր խոսում են հայ-թուրքական բարեկամության մասին, սակայն հայերի ջարդերի մասին Թուրքիայի պատմության գրքերը մինչ օրս լռում են:
Պատգամավորն ակնարկել է, որ այսօր այլևս ժամանակն է, որ Թուրքիան վերանայի այդ սխալ քաղաքականությունը: Եթե, իրոք, Թուրքիան ցանկություն ունի հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, ապա նրա կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կլինի հենց այդ քայլը` որպես «բարեկամության հաստատման միակ երաշխիք»։ Հակառակ դեպքում կնշանակի, որ գործ ունենք թուրքական հերթական քաղաքական խաղի հետ:
Armar.am












