Գլխավոր » Լրահոս

Վրացական իշխանությունները թույլ չեն տվել Վահագն Չախալյանի հայ փաստաբանին այցելել իր պաշտպանյալին

Օգոստոս 19, 2009թ. 18:15

Cholo2009թ. Օգոստոսի 17-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է այցելել իր պաշտպանյալին, որը պահվում է Վրաստանի Ռուսթավիի քաղաքի թիվ երկու գաղութում: Սակայն գաղութի ղեկավարությունը հրաժարվել է տեսակցություն թույլատրել, պատճառաբանելով, որ այն փաստաթղթերը, որով հայ փաստաբանը նախկինում իրավունք ուներ հանդիպելու Վահագն Չախալյանի հետ, այլևս անվավեր են:

Նույն օրը Ստեփան Ոսկանյանը դիմել է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ: Վերջինիս աշխատակիցներն ուսումնասիրելով փաստաբանի ներկայացրած փաստաթղթերը` անհիմն են համարել գաղութի ղեկավարության կայացրած որոշումը:
«Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունից armarlur.com-ին փոխանցեցին, որ իր պաշտպանյալի հետ տեսակցությունը թույլ չտալու փաստի առնչությամբ Ստեփան Ոսկանյանը նաև ներկայացրել է գրավոր բողոք` ուղղված Վրաստանի հանրային պաշտպանին և Ռուսթավիի գաղութի ղեկավարությանը:

«Երկիր» միությունը, որն այս միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, գնահատում է Վահագն Չախալյանի հետ փաստաբանի տեսակցությունն արգելելու որոշումը որպես վրացական իշխանությունների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստի տարրական իրավունքների հերթական խախտման խայտառակ փաստ, որի նպատակն է` խոչընդոտել Չախալյանի գործով ս.թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք դատալսման լիարժեք նախապատրաստումը: Վրացական իշխանությունները նշված քայլով նաև նպատակ են հետապնդում էապես դժվարացնել Վահագն Չախալյանի հայկական ԶԼՄ-ներից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որն ապահովում էր հայ փաստաբանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացչություններին` համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների հերթական խայտառակ խախտմանը, ինչպես նաև վերացնել դրա հետևանքները` ապահովելով հետագայում փաստաբանի անարգել մուտքը իր պաշտպանյալի մոտ:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`