Դավութօղլուն Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամենակարևորն է
«Մեր ադրբեջանցի եղբայրները չպետք է անհանգստանան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար ունի նույնքան մեծ կարևորություն, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունն է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից և կայունությունից կարևոր բան չի կարող լինել»: Այդ մասին Բաքվում տված մամուլի ասուլիսում մեկ անգամ էլ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ նրա, Թուրքիայի ջանքերով է, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ավելին, Դավութօղլուն վստահեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը մեծ ներդրում կունենա Ղարաբաղյան հարցի լուծման գործում:
Նա անդրադարձել է նաև թուրքական դրոշի խնդրին և նշել, որ ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը դրոշի նկատմամբ իր մոտ ևս անհանգստություն է առաջացրել: Դավութօղլուն շեշտել է. «Ներկա պահին հետաքննություն է ընթանում, և մեղավորները կպատժվեն ամենախիստ ձևով»:












