Նոր նյութեր Արցախի, Բաքվի և Սումգայիթի կոտորածների մասին
Ադրբեջանցիներն այսօր քարոզչական լայնածավալ աշխատանքներ են իրականացնում միջազգային հանրությանն ապացուցելու համար, թե իրենց իսկ կողմից Խոջալուի բնակչության տեղահանման ժամանակ եղած զոհերը հայերի սխալ գործողությունների հետևանք են:
Հասկանալի է, որ Ադրբեջանը նման կեղծ տեղեկատվություն տարածելով փորձում է կոծկել իր կողմից հայերի նկատմամբ` Սումգայիթում ու Բաքվում իրականացված ցեղասպանության հետքերը:
Ադրբեջանական ստի ոտքերը շա~տ երկարեցին, և դրանում անշուշտ մենք` հայերս ենք մեղավոր: Ադրբեջանը աշխարհով մեկ վայրահաչում է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, մինչդեռ մեր կողմից ուշանում է համախմբված հակահարվածը:
Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ Հայաստանի Գլխավոր Դատախազությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այդ գործին ու սկսել Սումգայիթի Ցեղասպանության մասին վկայող` դատախազության արխիվների ուսումնասիրությունը:
Միաժամանակ տեղեկացանք, որ Բաքվի, Սումգայիթի և Արցախի հայ բնակչության կոտորածների մասին պատմող մեծ թվով վկայություններ, իրականությունը վեր հանող արխիվային բազմաթիվ ծանրակշիռ նյութեր կան նաև մեր անհատ քաղաքացիների մոտ:
Նրանցից մեկն էլ ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանն է: Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ իր արխիվում կան տարբեր աղբյուրներից հավաքված նյութեր. «Կան էջեր ժամանակին լույս տեսած մամուլից, ունեմ պատճենահանված կամ մեքենագիր նամակներ, որոնք կոչվում էին բաց նամակներ: Իմ անձնական արխիվում եմ պահում հայտնի թարգմանիչ, լրագրող Մերի Յուզբաշյանի` Արցախին վերաբերող արժեքավոր արխիվները: Այդ թերթերի մի մասը հիմք հանդիսացավ press.karabakh.info կայքի ստեղծման համար, որտեղ տեղադրված է ռուսալեզու մամուլի արխիվը ` մոտ 1700 հոդված: Նախագիծը դեռևս համալրման փուլում է: Բացի դրանից, կան նաև անհատական վկայություններ, փաստաթղթերից պոկված էջեր: Այս ամենը լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, բավական ծավալուն աշխատանք է պահանջում»:
Կարեն Վրթանեսյանը նաև հավելեց, որ արխիվային արժեքավոր նյութեր կան նաև արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից շատերի մոտ:
«Շատ լավ կլինի, եթե ստեղծվի Արցախի պատմությամբ և ազատագրական պատերազմի ուսումնասիրմամբ զբաղվող գիտական ինստիտուտ, որը կհավաքի այդ բոլոր նյութերը և դրանց հիման վրա լուրջ հետազոտական աշխատանքներ կիրականացնի». չէ՞ որ կատարված իրողություններն ու փաստերը պատմությանը ներկայացնելու նպատակ ունենք:
Արմենուհի Կարեյան












