Շարունակվում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը
ԱՄՆ-ի Արմենիան Միրոր–Սփեքթեյթոր» («The Armenian Mirror-Spectator) անգլալեզու հայկական թերթն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ու նշել, որ հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումն այդ գործընթացի վրա չի ազդել:
«Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում չպետք է տուժի, և մենք ակտիվորեն շարունակելու ենք մեր գործունեությունը»,- թերթը մեջբերել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հայտարարությունը:
Թերթը տեղեկացրել է նաև, որ վերջինիս գլխավորած կառույցը, հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, կարողացել է ստանալ ևս յոթ կոնգրեսականների աջակցությունը: ՀայոցՑեղասպանության ճանաչման օրինագծին այս տարվա աշնանն ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից միացել են կոնգրեսմեններ Բրայան Բիլբրեյը, Էլթոն Գելըգլը, Դարելլ Իսայը, Սթիվ Իսրայելը, Ջոն Հոլը, Լաուրա Ռիչարդսոնը և Մայք Թոմսոնը: Կոնգրեսականները հանդիպումներ են ունեցել Բրայան Արդունիի և ԱՀՀ Կոնգրեսի հետ հարաբերությունների պատասխանատու Բյանկա Դոդովի հետ, որի ընթացքում վերահաստատել են իրենց աջակցությունը Հայոց Ցեղասպանության ընդունման բանաձևին:
Ներկայումս հայկական օրինագծին աջակցություն են հայտնել 134 կոնգրեսականներ:
Armar.am












