Զորավարժություններ Արցախում
Հոկտեմբերի 22-ին հայկական երկու հանրապետությունների նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը հետեւել են Պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումների կազմով անցկացված զորավարժությունների ընթացքին: Զորավարժություններին ներկա էին նաև ԼՂՀ ՊԲ և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ` Սեյրան Օհանյանի և Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
ԼՂՀ և ՀՀ ղեկավարները զորավարժության ընթացքին հետևում էին հրամանատարական դիտակետից: Մինչ զորավարժության մեկնարկը` գլխավոր հրամանատարությանը ներկայացվեց մարտական պլանը: Ապա հետեւեցին հարցերի առաջադրումներն ու պարզաբանումները:
Ստորաբաժանումը մարտական պատրաստվածության բարձր աստիճանի բերում, պաշտպանական մարտի կազմակերպում, ընթացքից` հակառակորդի խմբերի ոչնչացում ու կաշկանդող գործողությունների իրականացում. մարտական այս խնդիրներն էին դրված զորավարժությունում ներգրավված զորատեսակների առաջ: Վաշտի կազմով զորավարժության նպատակը հրամանատարական կազմի գիտելիքների հարստացումն էր և ստորաբաժանումների վերախմբավորման ընթացքում անձնակազմի ներդաշնակ գործողությունները ղեկավարելու գործնական հմտությունների կատարելագործումը:
Զորավարժության ավարտին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը բարձրաստիճան սպայակազմի հետ անցկացրել է փոքր դասընթաց` զորավարժության ավելի ճիշտ ու նպատակային կազմակերպման վերաբերյալ:
Սա այդ օրը նախագահների մասնակցությամբ կայացած միակ զորավարժությունը չէր: Մեկ այլ զորավարժություն անցկացվել է գումարտակի կազմով:
Զորավարժությունների ավարտին հայկական երկու հանրապետությունների նախագահները եւ նրանց ուղեկցող բարձրաստիճան սպայակազմը ծաղիկներ են դրել այդ վայրում նահատակված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշաքարին:
Զորավարժությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նման այցերը բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքները և բանակի մարտունակության մակարդակը գնահատելու ևս մեկ առիթ է հանդիսանում:
Լրագրողների հետ հանդիպմանը չեն շրջանցվել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերը: Լրագրողների խնդրանքով ՀՀ նախագահը մեկնաբանել է օրերս Ադրբեջանի նախագահի տարածած հայտարարությունը, թե համաձայնություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի կապակցությամբ` պնդելով, որ նման համաձայնություն եղել է տարիներ առաջ:
Նորայր Հովսեփյան












