Թուրքերն այսօր էլ սկսել են գործել «բարիդրացիականության» լոզունգի տակ
Դավութօղլուի խոսքերից պարզ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագիրը զուտ թուրքական ծրագիր է: Նա իր ելույթում մի քանի անգամ շեշտել է այդ մասին. «Մենք մի քանի տարի առաջ Կովկասում շրջանառության մեջ դրեցինք այս գործընթացը»: Ապա հավելել է, որ Թուրքիայի կողմից նման գործընթացի շրջանառումը երեք նպատակ է հետապնդում. նախ հասնել նրան, որ, իր խոսքերով, «կողք կողքի գոյատևող Թուրքիան ու Հայաստանը, այսինքն` հարևան երկու ազգային պետությունները, կարողանան բարիդրացիական հարաբերություններ հաստատել»:
Ակնհայտ է, որ Թուրքիան սկսել է խաղալ դեռ դարասկզբին մշակած իր դիվանագիտական հայտնի խաղերը: Բոլորս ենք հիշում երիտթուրքերի հայտնի կարգախոսը` «Հավասարության, եղբայրության, ազատություն»: Հայտնի են նաև այդ կեղծ քարոզի ողբերգական հետևանքները`հայ ժողովրդի բնաջնջում իր իսկ հայրենիքում: Ուշադրություն դարձրեք, որ այդ լոզունգն այսօր ճկունորեն փոփոխվել, արդիականացվել և աշխարհին մատուցվում է «բարիդրացիականության» ու «տարածաշրջանային խաղաղության» քողի տակ:
Իր հեռահար նպատակների իրականացման համար Թուրքիան ոչնչի առաջ չի կանգնելու. և ահա, իր ելույթում Դավութօղլուն ներկայացնում է Թուրքիայի կողմից կարևորվող մյուս նպատակը` «առողջ կապեր հաստատել Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայ համայնքների հետ, որպեսզի հնարավոր լինի ամոքել անցյալի վշտերն ու չեզոքացնել շահարկման հնարավորությունները»: Ի՞նչ վշտի մասին է ակնարկում Թուրքիայի ԱԳ նախարարը. խոսքն ակնհայտորեն Հայոց Ցեղասպանության մասին է: Սակայն հարց է առաջանում, թե դարասկզբի թուրք ոճրագործների մերօրյա ժառանգներն ինչպե՞ս են պատրաստվում «ամոքել անցյալի վշտերը»: Նախարարի ելույթում թափանցիկ տրված է «ինչպես» հարցի պատասխանը. այն է` բոլոր հնարավոր միջոցներով հասնել ցեղասպանության ճանաչման գործընթացի «չեզոքացմանը»: Ցինիկաբար ակնարկում է, թե այն շահարկում է հայկական կողմը, ուրեմն` հարկ է կանխել այդ շահարկումը: Այս ֆոնի վրա առանձնապես ուշադրության է արժանի ելույթում սպրդած այն միտքը, թե «որպեսզի հնարավոր լինի ամոքել անցյալի վշտերն ու չեզոքացնել շահարկման հնարավորությունները», պետք է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կողք կողքի ապրող թուրքերի ու հայերի միջև առողջ կապեր հաստատել: Թուրքերը փաստորեն որոշել են «բարիդրացիականության» քարոզ կարդալ սփյուռքահայերի շրջանում, և դարասկզբից իրենց կոկորդում մնացած «ոսկորից» ազատվել հենց ցեղասպանության ժառանգների` հայկական Սփյուռքի «միջոցով»: Նկատենք, որ սա թուրքերի վաղեմի ծրագիրն է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործի է դրվել ու շարունակում է իրականացվել…
Armar.am












