Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքական դիվանագիտությունը նույնն է, ինչ 100 տարի առաջ

Հոկտեմբեր 23, 2009թ. 18:22

dialog«Նախորդ դարասկզբին հայ ժողովուրդը, վստահություն տածելով Ազատության, Հավասարության և Եղբայրության մասին երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության հռչակած սկզբունքների նկատմամբ, հավատ ընծայեց Օսմանյան պետության վերածնության գործին, բայց շատ չանցած` հանկարծակիի եկավ Օսմանյան հեղափոխության արյունոտ շրջադարձից և նորից կանգնեց նահատակության իր վաղեմի ճակատագրին դեմ հանդիման: Այս անգամ, սակայն, հենց երիտթուրքերը հանդիսացան հայերի լայնածավալ կոտորածների տխրահռչակ հեղինակները` դրանով իսկ ապացուցելով, որ իրենք Աբդուլ Համիդի արժանի ժառանգորդներն են»: Հայ պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի այս բնորոշումը ամենևին էլ պատահական մեջբերում չէ:

Արձանագրությունների վավերացման համար Թուրքիայի խորհրդարանում արդեն 2009թ. հոկտեմբերի 21-ից մեկնարկած քննարկումներում առաջին կարևոր հայտարարությունը, ինչպես տեսանք, այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին էր վերապահված: Եվ նա հայտարարեց` Հայաստանը կամ որևէ այլ երկիր չի հանդգնի Թուրքիայից հող պահանջել, ինչը արձանագրություններում մեկ ագամ ևս փաստվում է:

Հայաստանում շատերի համար սառը ցնցուղի ազդեցություն թողեցին թուրք նախարարի պատասխանները նաև այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, Ադրբեջանի հողերը թուրքերի համար կարևոր ու սուրբ են այնքան, ինչքան նրանց սեփական հողերը: Ու չնայած ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցի թուրքերը սեփական ոչինչ չունեն տարածաշրջանում, բայց փորձենք հասկանալ թուրքական դիվանագիտության արտահայտած խոսքերի ներսում թաքնված նպատակներն ու հիմնական միտքը:

1909-ից  թուրքական իշխանությունները հայերի հետ բարեկամանալու կոչեր հնչեցրին` ազատություն, հավասարություն, եղբայրություն ճամարտակելով: Այն ժամանակ Թուրքիայի իշխանության գլխին կանգնած էր «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունը, որ թեև հայտարարում էր աշխարհիկ կարգերի հաստատման ու ժողովրդավարական իր նպատակների մասին, բայց նրանց իրական դեմքը միայն հայերիս չէ, որ ծանոթ է:

2009 թվականին սկիզբ առած հայ-թուրքական նոր «բարեկամության» և նախորդի միջև անցել է ուղիղ 100 տարի:

Այսօր էլ թուրքերը հայերիս հետ հաշտվելու կոչերում երեք սկզբունքներ են բարձրաձայնում, այս անգամ էլ, ինչպես նախկինում, կառավարող կուսակցությունն իրեն հռչակել է աշխարհիկ կարգերի ու ժողովրդավարության կողմնակիցը:

«Արդարություն և զարգացում»  կառավարող կուսակցությունը, որն իր անվամբ գրեթե նույնանում է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության անվանը (դժվար է ասել` դա զուգադիպությո՞ւն է, թե՞ կանխորոշված քայլ), այս օրերին Ահմեդ Դավութօղլիի բերանով հայտարարում է` «Հիմնարար սկզբունքը մեր երկրի շուրջ խաղաղության, բարեկեցության ու կայունության գոտու ստեղծումն է: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակն է: Ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Բալկաններում, Կովկասում և Սև ծովում, Միջերկրականում ու հարակից տարածաշրջաններում շարունակելու ենք մնայուն խաղաղության, բարեկեցության ու կայունության գոտու ստեղծմանը նպատակաուղղված մեր ջանքերը»:

Ուշադրություն դարձրեք 100 տարվա տարբերությամբ արտահայտված սկզբունքների ընդհանրությանը: Մի դեպքում «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն», մյուս դեպքում` «Խաղաղություն, Բարեկեցություն, Կայունություն»: Մի դեպքում «Միություն և առաջադիմություն», մյուս դեպքում` «Արդարություն և զարգացում»: Մի դեպքում` Մեծ Թուրքիա ստեղծելու գաղափար (1909), մյուս դեպքում` Միջին Արևելքից մինչև Միջերկրական ծովին հարակից տարածաշրջաններում թուրքական քաղաքականության գոտու ստեղծում (2009):

Փոխվե՞լ է, արդյոք, ինչ-որ բան: Այո, փոխվել է: Բոլոր այն լիբերալ կենդանիներին, որոնք դեռ հավատում են թուրքական բարեկամությանն ու եղբայրությանը, հիշեցնենք. թուրքական քաղաքականության 100 տարվա ընթացքում փոխվել են միայն արտահայտչամիջոցներն ու դրանք արտասանողների անունները: Իրական նպատակները չեն փոխվել:

Նաիրի Հոխիկյան


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն