Թուրքիան ժողովրդավարությունից հեռու երկիր է
«Դինքի սպանությունը և գաղտնի հետաքննության սուտը» գրքի հեղինակ, թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեների դեմ դատական գործընթացը շարունակվում է: Դատական հաջորդ լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ից հետո:
Հիշեցնեք, որ Շեներն իր գրքում մեղադրել է թուրքական անվտանգության ուժերին, որոնք հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննությունն իրականացրել են անարդար ու կողմնակալ: Գրքի հրապարակումից անմիջապես հետո քննչական բաժնի պետն ու երեք սպաներ դատական հայց են ներկայացրել Շեների դեմ: Երկրի դատախազությունը թուրք լրագրողի դեմ մեղադրանք է ներկայացրել «ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված պաշտոնյային զրպարտելու և գաղտնի տեղեկատվություն հրապարակելու» հոդվածով: Եթե դատարանը վեջինիս ճանաչի մեղավոր, ապա նրան սպասվում է 28 տարվա ազատազրկում:
Շեների փաստաբան Յուջել Դյոշմեջին տեղեկացրել է, որ գրքում շարադրված տեղեկատվությունը մինչ գրքի լույս տեսնելն արդեն իսկ հրապարակվել էր թուրքական մամուլում, ինչը վկայում է այն մասին, որ Շեները ոչ թե գաղտնի տեղեկատվություն է ջրի երես հանել, այլ արդեն իսկ հրապարակվածը, և գրքում չկա այնպիսի փաստ, որը կարող է խոչընդոտել դատական գործընթացին: Ակնհայտ է, որ Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող անարդար դատավարությունն ակնհայտորեն վարկաբեկում է Թուրքիայի հեղինակությունը միջազգային հանրության առաջ:
Ներկայումս քայլեր են ձեռնարկվել եվրոպական կառույցներին այս դատավարությանը մասնակից դարձնելու համար: Ըստ վերլուծաբանների, եվրոպացի դիտորդները կստիպեն Թուրքիայի դատական համակարգին զերծ մնալ նման խայտառակ դատավարություններից:
Այս ամենը հերթական անգամ փաստում են Թուրքիայի` ոչ ժողովրդավարական պետություն լինելը: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը միակը չէ, որով երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը:
Թուրքիայի կառավարության կողմից` ժողովրդավարության ուղղությամբ տարվող բարեփոխումները որևէ արդյունք չեն տվել: Այս մասին արձանագրված է նաև Եվրահանձնաժողովի` Թուրքիայի մասին հոկտեմբերի 14-ին զեկույցում:
ArmAr.am












