Հանդիպել են Իլհամ Ալիևը և Թինա Քեյդենաուն
Ըստ «Bakililar.AZ»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին։ Ուշադրության կենտրոնում եղել է տարածաշրջանային իրավիճակը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները և հայ-թուրքական բանակցությունները։
Ավելի վաղ Թինա Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջինը Քեյդենաուին տեղեկացրել է տարածաշրջանային իրավիճակի մասին՝ մատնանշելով ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ լուծման կարևորությունը։
Մամեդյարովն ընդգծել է, որ հիմնական պայմանը «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն է, ինչից հետո Ադրբեջանը պատրաստ է բացել Հայաստանի հետ հեռահաղորդակցությունները։ Նախարարը շոշափել է նաև հայ-թուրքական հարաբերությունները՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ այդ գործընթացը փոխկապակցված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։
Իր հերթին, Քեյդենաուն նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ընդհանուր որևէ բան չունի Կոսովոյի հակամարտության հետ։
ArmAr.am












