Դավութօղլուի ասածները չեն համապատասխանում իրականությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն թուրք խորհրդարանականների առաջ ելույթ ունենալով և պարզաբանումներ տալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ, հայտարարել էր, թե արձանագրությունները հնարավորություն կտան «փոխել ցեղասպանության գաղափարախոսությունը», իսկ «հանձնաժողովների անկողմնակալ եւ գիտական ուսունասիրություն» հատվածը մեկանաբանել է հետևյալ կերպ. « Հայաստանն էլ է ընդունում, որ հնարավոր չէ միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»:
Դավութօղլուն անդրադարձել էր նաև ղարաբաղյան խնդրին` հայտարարելով. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար սրբություն է»:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի նման պահվածքը նկատեց, թե նման հայտարարություններով թուրքերը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը. «Ուզում են խնդրին միջազգային հնչեղություն հաղորդել, և անընդհատ այդ մասին խոսելով, հոգեբանական ճնշում գործադրել և´ Հայաստանի, և´ միջազգային հանրության վրա
Եվ հետո, ըստ թուրքագետի, եթե Դավութօղլուի ասածները համապատասխանեին իրականությանը և թուրքերն, իրոք, հնարավորություն ունենային դա իրագործել, ապա Թուրքիայում արձանագրությունների շուրջ նման ընդդիմություն չէր առաջանա:
Պարոն Չաքրյանի կարծիքով, Թուրքիան անվերջ հնչեցնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, փորձում է այն կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Սակայն, ինչպես պարզաբանում է թուրքագետը, պայքարն ընթանում է ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման, այլ Հարավային Կովկասում ազդեցություն ձեռք բերելու շուրջ, բայց քանի որ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարվում է տարածաշրջանի հիմնական խնդիրը, այն «լուծող» տերության դիրքերը կարող են կտրուկ ամրապնդվել այստեղ: Նույնը կատարվեց վրաց-օսական պատերազմի դեպքումը, իրադարձություններին միջամտելուց հետո Ռուսաստանի դիրքերն աննախադեպ ամրապնդվեցին տարածաշրջանում, նրա հետ միասին աճեց Հայաստանի ռազմավարական նշանակությունը, քանի որ Հայաստանում են տեղակայված Ռուսաստանի ռազմաբազաները: Այսօր էլ աջակցելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Ռուսաստանը ցանկանում է արագացնել Վրաստանին տարածաշրջանում չեզոքացնելու գործընթացը: Սակայն հակառակը տեղի ունեցավ Վրաստանի պարագայում. նրա դիրքերը թուլանալուն զուգըթաց` թուլացան այդ երկրում ամուր հաստատված ԱՄՆ-ի դիրքերը: Այդ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռ ամուր է կանգնած Հարավային Կովկասում և կարող է տնօրինել այս կամ այն երկրի ճակատագիրը»,- եզրափակեց թուրքագետը:
Armar.am












