Իրանի ղեկավարությունը միջազգային դիտորդներին թույլ է տվել մուտք գործել գործարան
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները (ՄԱԳԱՏԵ) մոնիտորինգ են անցկացրել իրանական Կում քաղաքի ուրանի հարստացման գործարանում: Օբյեկտի կրկնակի ուսումնասիրություն կարող է տեղի ունենալ երկուշաբթի և երեքշաբթի:
Իրանում ուրանի հարստացման երկրորդ գործարանի գոյության մասին հայտնի է դարձել միայն վերջերս: Արևմտյան երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցները ստացել են գաղտնի տեղեկատվություն այն մասին, որ իրանական ձեռնարկությունում Կում քաղաքի մերձակայքում տարվում են աշխատանքներ` ատոմային բնագավառում: Արդյունքում Իրանի իշխանությունները պաշտոնապես խոստովանել են հիշյալ օբյեկտի գոյությունը` ՄԱԳԱՏԵ-ին հասցեագրված նամակում:
ՄԱԿ-ի տեսուչների 4 հոգանոց խումբը նախօրեին իրականացրել է առաջին ծանուցողական այցը իրանական ուրանի հարստացման ընդհատակյա գործարան:
Ստուգայցի ավարտին ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները ձեռնպահ մնացին որևէ մեկնաբանությունից:
Մինչդեռ Թեհրանը խոստացել է մոտ ժամականերս պատասխան տալ Արևմտյան երկրների առաջարկներին` կապված ուրանի հարստացման հետ:
ՄԱԳԱՏԵ-ն առաջարկել է Իրանին ուղարկել ուրանը Ռուսաստան հարստացման համար: Ինչպես կարծում են ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները, դա հնարավորություն կտա Իրանին ապահովել ռեակտորի համար սեփական ատոմային էներգիա: Միևնույն ժամանակ Արևմուտքը կարող էր ստանալ երաշխիքներ, որ հարստացված ուրանը չի օգտագործվի ատոմային զենք ստանալու համար, ինչպես հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները առաջին անգամ են եղել մի օբյեկտում, որտեղ իրականացվում է ուրանի հարստացում: Իրանի ղեկավարությունը համաձայնվել է միջազգային դիտորդներին թույլ տալ մուտք գործել գործարան հոկտեմբերի 1-ին Ժնևի բանակցությունների ժամանակ, որին մասնակցություն են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի 5 մշտական անդամներ:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, որպեսզի շնորհակալություն հայտնի իր գործընկերներին` Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ նոր առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցելու համար:
Սակայն իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին արդեն արտահայտել է իր կասկածները` կապված ուրանի հարստացման համար հնարավոր տեղափոխման հետ:
«Արևմտյան երկրները ցանկանում են գնալ այս ուղղությամբ, որը հնարավորություն կտա նրանց խաղալ անարդար և ստիպել մեզ իրենց կամքին ենթարկվել»,-հայտարարել է Լարիջանին:












