Գագիկ Ծառուկյան. «Թուրքական կողմը գլուխները պատին է տալիս…»
ՀՀ խորհրդարանում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Այն «նշանակալից» կարելի է համարել այնքանով, որ նիստին ներկայացել էր նաև պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Նման երևույթ հազվադեպ է լինում, ուստի բնական էր լրագրողների հետաքրքրությունն ու նրա հետ ճեպազրույց կազմակերպելու ցանկությունը:
Ծառուկյանական ֆաունային ու ֆլորային վերաբերող հարցերից բացի (լրագորղներին խիստ հետաքրքրել է, թե ԲՀԿ ղեկավարն իր սեփական պալատ-բնակարանում ինչպիսի կենդանիներ է պահում. Գագիկ Ծառուկյանն էլ առիթը բաց չի թողել` իր սպիտակ առյուծով ու սպիտակ վագրով հպարտանալու համար, որոնք համարվում են կարմիր գրքում գրանցված բացառիկ կենդանիներ), պատգամավորին ուղղվեցին նաև հայ-թուրքական արձանագրություններին, ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցեր, որոնց նկատմամբ պարոն Ծառուկյանն ուներ իր ուրույն կարծիքն ու վերաբերմունքը։
Հայ- թուրքական արձանագրություններում պարոն Ծառուկյանը ոչ մի նախապայման չի տեսնում. «Մենք ասում ենք` ճանապարհների բացում և դիվանագիտական կապի հաստատում, սա նորմալ է, ընդունելի է»,-ասում է նա: Իսկ եթե, այնուամենայնիվ, նախապայմաններ լինեն, ինքը կգրի և կտրորագրի, որ դեմ է դրանց։
Այն հարցադրմանը, թե թուրքական կողմը շատ է խոսում ԼՂ խնդրով պայմանավորված լուծումների ու նախապայմանների մասին, պարոն Ծառուկյանն ընդգծել է. «Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք` հարաբերություններ՝ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան, մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»։
ArmAr.am












