Առանց հայերի անհնար է պատկերացնել Թուրքիայի մշակույթը
Թուրքական «Սթար» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ասել է. «Հայաստանի հետ մշակութային ոլորտում համագործակցության ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Համագործակցության առաջին քայլը լինելու է թուրք-հայկական սահմանին գտնվող Անի քաղաքի վերականգնումը` երկու երկրների մասնագետների համատեղ ջանքերով»: Թուրք նախարարն ասել է, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվելու, և խոստացել է այդ մասին նախօրոք տեղեկացնել:
Բացի այդ, ծրագրված է իրականացնել նաև համատեղ երաժշտական միջոցառումներ: Գյունայն ասել է. «Թուրք և հայ երաժիշտները Թուրքիայում, Հայաստանում կամ Եվրոպայում կարող են համատեղ նախագծեր իրականացնել: Թուրքական երաժշտության մեջ շատ հայտնի ու մեծ կատարողներ ազգությամբ հայեր են: Մեր հայ քաղաքացիները շատ կարևոր տեղ են զբաղեցնում մեր մշակույթի, ճարտարապետության, երաժշտության, արվեստի բնագավառներում: Նրանք հանրաճանաչ արվեստագետներ են»:
Նա խոստովանել է, որ առանց հայերի անհնար է պատկերացնել Թուրքիայի մշակույթը:
Ք.Մ.












