Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Մշակույթ

Ադրբեջանացիները հայրենիք են հորինում

Հոկտեմբեր 26, 2009թ. 19:41

36198Զրույց «Հայկական ճարտապետությունն ուսումնասիրող կազմակերպության»

Երեւանի գրասենյակի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

Պարոն Կարապետյան, օտար մշակույթը սեփականելու ադրբեջանական նկրտումները նորություն չեն ոչ մեզ, ոչ էլ տարածաշրջանի մյուս ազգերի համար: Սակայն վերջին շրջանի հրապարակումները պարզապես հասել են խելացնորության աստիճանի, որովհետեւ Էջմիածնի մայր տաճարում մահմեդական, առավել եւս՝ թուրքական հետքեր որոնելը դուրս է բանականության սահմաններից: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված, ի՞նչ նպատակ ունեն այդպիսի զառանցանքները, եթե ոչ մի բանական էակ դրան չի հավատալու, ու մենք չենք էլ փորձելու որեւէ բան ապացուցել:

– «Ադրբեջան», «ադրբեջանցի» բառերն ընդամենը 90 տարվա պատմություն ունեն, հայտնվել են 1918 թվականից հետո: Ադրբեջան բառը իրականում Ատրպատական բառի  ձեւախեղված տարբերակն է: Ադրբեջանցիները կովկասյան  թաթարների հետնորդներն են: Այդ քոչվոր ցեղը նստակեցության անցավ 19-րդ դարի երկրորդ կեսին, ցարական իշխանության պարտադրանքով: Անընդհատ  տեղից տեղ տեղափոխվող կովկասյան թաթարները մեծ գլխացավանք էին  պատճառում, եւ ռուսական իշխանությունը սպառնաց վտարել նրանց կայսրության սահմաններից, եթե չանցնեին նստակեցության: Այս մասին կան բազմաթիվ վկայություններ: Ես կնշեմ դրանցից մեկը. ռուս հետազոտող Մեվեսը 1865թ. Թիֆլիսում լույս տեսնող «Կավկազ» թերթում տպագրեց հոդվածաշար, որը վերաբերում էր կովկասյան  թաթարներին: Մեվեսը դիտարկումները շատ հետաքրքիր են, սակայն ադրբեջանցիները հայտնի պատճառներով խուսափում են դրանք շրջանառելուց: Մեվեսը երկու կովկասյան թաթարի ուղեկցությամբ Գանձակից շարժվում է դեպի  մոտակա թաթարական գյուղը: Հետազոտողը պատմում է, որ ինքը ձիով երկու ժամ ճանապարհ է կտրել, որպեսզի հասնի կովկասյան թաթարների Բոզաղանլի գյուղը: Այդ  ընթացքում անցել է բացարձակապես ամայի, բուսազուրկ տարածքով  եւ հորիզոնում ոչ մի գյուղանման տարածք չի նշմարել: Եվ երբ ուղեկցողներին հարցրել է, թե վերջապես ե՞րբ են հասնելու գյուղ, վերջիններս պատասխանել են, որ արդեն հասել են: Ամայի տարածքում նրանք Մեվեսին ցույց են տվել ինչ-որ փոսեր՝ ասելով, որ գյուղացիներն ամառանոցում են, իսկ երբ վերադառնան, այդ փոսերի վրա վրաններ են խփելու: Հիշեցնեմ, որ այս վկայությունները տպագրվել են 1865 թվականին: Մեվեսը կովկասյան թաթարների հետ կապված եւս մեկ ուշագրավ պարզաբանում է անում. ցարական իշխանությունը մարդահամար է կազմակերպում 1886-ին, 1897-ին եւ 1914-ին: Հայ բնակչության թիվը մարդահամարից մարդահամար աճում է, եւ սա բնական է: Կովկասյան թաթարների թիվը մարդահամարից մարդահամար նվազում է: Ասենք, որ այդ  ընթացքում պատերազմ չի եղել,  տեղահանություն չի եղել, կովկասյան թաթարների բնական աճը ավելի բարձր էր, քան հայերինը: Ի՞նչ է կատարվել իրականում:  Մեվեսը պարզաբանում է, որ տեղից տեղ տեղափոխվող կովկասյան թաթարների իրական թվաքանակը դժվար էր պարզել, քանի որ նրանք մեկ ամառանոցում էին հաշվվում, մեկ ձմեռանոցում: Նստակեցության անցնելու հետ նրանց թվաքանակին վերաբերող տեղեկությունները դառնում են ավելի հավաստի, այդ պատճառով էլ 1914-ի մարդահամարի ժամանակ  արձանագրվում է կովկասյան թաթարների ամենափոքր թվաքանակը, ինչը շատ ավելի մոտ է իրականությանը, քան 1886-ի մարդահամարի արդյունքները: Ադրբեջանցիները մշտապես հիշատակում են 1886-ի արդյունքները՝ հաշվի չառնելով իրականությունն ու 1914-ի մարդահամարի տվյալները:

Դուք ասացիք, որ Ադրբեջան բառը պատմության մեջ հայտնվել է 1918-ից հետո, ասել կուզի, որ ադրբեջանական մշակույթ կոչվածը 90 տարվա պատմությո՞ւն ունի:

– Մենք կարող ենք ադրբեջանական մշակույթ համարել նաեւ նրանց նախնիների՝ կովկասյան թաթարների մշակույթը: Եթե չկա նստակեցություն, ապա մենք գործ ունենք ոչ թե ազգի, այլ ցեղի հետ: Իսկ քոչվոր ցեղը չի կարող ստեղծել նյութական մշակույթ: Կովկասյան թաթարների առաջին մշակութային նմուշները  թվագրվում են 19-րդ դարի վերջերին, եւ ադրբեջանցիները այդ մշակույթի ժառանգորդներն են, ամենաշռայլ հաշվարկներով՝ գործ ունենք մոտավորապես 150 տարվա մշակույթի հետ: Ադրբեջանցիները ապրում են հնամենի եւ հարուստ մշակույթ ունեցող այնպիսի ազգերի կողքին, ինչպիսիք, օրինակ, հայերն ու պարսիկներն են: Հայերից գողացել են նրանց պատմական հայրենիքի մի հատվածը, պարսիկներից՝ Ատրպատական անվանումը, եւ այսօր հայրենիք ստեղծելու, արմատ հորինելու խնդիր ունեն: Իսկ հայրենիք հորինելու միակ ձեւը պատմություն, կենսագրություն հորինելն է եւ մշակութային արժեքներ յուրացնելը: Եթե ինքդ ապրում ես մի հողի վրա, որտեղ հաստատվել ես մեկ դար առաջ, եւ որը ներծծված է հայոց 5-6 հազարամյա պատմության եւ մշակույթի հետքերով, ապա այդ մշակույթը սեփականելը դառնում է սեւեռուն գաղափար:

Հնարավո՞ր է սեփականել ուրիշի մշակույթը, այն էլ՝ այդքան հնամյա, այդքան անհարիր մեկ դարի պատմություն ունեցող ազգին: Հնարավո՞ր է այդ ձեւով արմատ ու հայրենիք հորինել սերունդների համար: Հնարավո՞ր է խաբել աշխարհին:

– Անհնար է: Ադրբեջանական դասագրքերում  պարսիկ  Նիզամին ու Ֆիրդուսին ներկայացված են որպես ադրբեջանցի գրողներ: Բայց աշխարհում ադրբեջանցիներից բացի, ոչ ոք այդ գրողներին ադրբեջանցի չի համարի, բոլորը գիտեն, որ նրանք պարսիկ են: Պարզապես տարածաշրջանի ազգերը հաճախ ջանքեր ու միջոցներ են վատնում՝ հերքելու ադրբեջանցիների այս կամ այն ստահոդ «տեղեկությունը», որ նրանք տարածում են աշխարհով մեկ: Դժվար է անտարբեր լինել, երբ մեկ դար առաջ  նստակեցության անցած ազգը իրեն է վերագրում հայկական եկեղեցին, պարսկական մզկիթը կամ թուրքմենական դամբարանը: Եվ նման բարբաջանքը բազմամիլիոն տպաքանակով տարածում է աշխարհով մեկ:  Ադրբեջանական սուտն այնքան մերկապարանոց է, որ հաճախ նույնիսկ չարժե արձագանքել, սակայն երբեմն քո վզին են փաթաթում ինչ-որ անհեթեթ բանավեճ, ակնհայտն ապացուցելու անհրաժեշտություն:

Պարոն Կարապետյան, ադրբեջանական մշակույթի ի՞նչ նմուշներ կան մեր հողի վրա: Նկատի ունեմ ոչ թե մեր պատմական հայրենիքը, այլ Հայաստանի ներկայիս պետական տարածքը եւ Արցախը:

– Ադրբեջանական մշակույթի ամենավաղ հուշարձանը 1868թ. մզկիթն է՝ կառուցված Աղդամում: Մզկիթը պատկանել է կովկասյան թաթարներին: Ներկայիս Հայաստանի, Արցախի, եւ Ադրբեջանի տարածքում կան մահմեդական մշակույթի բազմաթիվ նմուշներ, որոնք, սակայն, պարսկական, թուրքմենական մշակույթի  արժեքներ են եւ կապ չունեն կովկասյան թաթարների հետ: Ադրբեջանցիները փորձում են ժառանգել 14-15-րդ դարերից սկսվող թուրքմենական, պարսկական հուշարձանները, որոնք բոլորովին այլ հավատքի, այլ գաղափարաբանության  արգասիք են, ինչպես, օրինակ, Գանձակում 1620-ին կառուցված պարսկական մզկիթը եւ Շուշիի մզկիթը, որը նույնպես պարսկական է, Խաչեն գետի ափին կառուցված թուրքմենական դամբարանը, կամ Արգավանդի դամբարանը, որը կառուցվել է 14-րդ դարում եւ այլն:

Ի դեպ, թուրքմենական դամբարաններն ուսումնասիրելիս՝ պարզ նկատում ես հայ շինարարների ձեռագիրը: Քարի մշակումը, զարդաքանդակները, խաչաձեւ  հատակագիծը եւ բազմաթիվ այլ դետալները հատուկ են քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետությանը: Օրինակ՝ Խաչեն գետի աջ ափին կառուցված  թուրքմենական դամբարանը էական աղերսներ ունի Եղվարդի եռահարկ սուրբ Աստվածածին եկեղեցու  հետ, եւ երկուսն էլ Շահիկ ճարտարապետի ձեռքի գործն են: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ բազմաթիվ թուրքմենական դամբարաններ կառուցվել են հայ  շինարարների ձեռքով, թուրքմենների  պատվերով, նրանց համար, թուրքմենական մշակույթի գաղափարաբանությամբ:  Պարսկական ճարտարապետության մեջ հայկական ձեռագիրն ավելի թույլ է արտահայտված: Հայերն ինչ-որ չափով մասնակցել են եւ թողել են իրենց հետքերը զարդաքանդակների եւ այլ դետալների մեջ:

Ինչո՞ւ են թուրքմենական, պարսկական գերեզմանների երբեմն շրջապատված ադրբեջանական գերեզմաններով:

– Քոչվոր ցեղերն իրենց մեռելներին թաղում էին քոչի ճանապարհին, որտեղ պատահեր: Նրանք վերցնում էին առաջին պատահած քարը, առանց որեւէ մշակման ու արձանագրության, ուղիղ  կանգնեցնում այն վայրում, որտեղ թաղել են իրենց մեռելին: Նստակեցության անցնելուց հետո  կովկասյան թաթարները, իսկ հետագայում՝ նաեւ ադրբեջանցիները, պահպանեցին այս ավանդույթը: Ադրբեջանցիները իրենց գերեզմանատները կառուցել են թուրքմենական, պարսկական գերեզմանների շուրջը 19-20-րդ դարերում՝ մի քանի հարյուր տարվա ընդմիջումով: Հետաքրքիր է, որ նույնիսկ մինչեւ 1940-50 թվականները ադրբեջանական գերեզմանների վրա նշմարում ես արաբատառ գրություններ, թեեւ նրանք արդեն վերցրել էին ռուսերեն տառերը: Ընդ որում, մենք հետագայում պարզեցինք, որ դրանք ոչ միայն արաբատառ են, այլ արաբերեն: Այսինքն՝ ադրբեջանցիները 20-րդ դարում են գրավոր լեզու ստեղծել:

Անաչառ լինելու համար ասեմ, որ ադրբեջանցիները թուրքմենների նմանությամբ նույնպես փորձել են դամբարաներ կառուցել, սակայն այնքան ապաշնորհ ու անտաղանդ են կառուցել, որ 600-700 տարվա թուրքմենական դամբարանները մինչ օրս կանգուն են, իսկ ադրբեջանցիներինը քայքայվել, փլվել են:

Ադրբեջանական մշակույթի քանի՞ հուշարձան կա մեր ներկայիս պետական տարածքում: Եվ ի՞նչ վիճակում են դրանք:

– Արցախում եւ Ուտիք աշխարհում կան մոտ 3 տասնյակի հասնող ադրբեջանական մզկիթ, որոնք կանգուն են: Դրանք կառուցվել են 19-րդ դարի վերջին, հիմնականում՝ 20-րդ դարում:

Մեր պատմական հայրենիքում հայկական նյութական մշակույթի առաջին հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, եւ ներկայիս Ադրբեջանի տարածքում ի՞նչ մշակութային արժեքներ ունենք այսօր:

– Ամենահին մշակութային հուշարձանը Սիսիանի Զորաց Քարն է «Քարահունջը»,  որը կառուցվել է Քրիստոսից առաջ 5-6-րդ հազարամյակում: Հայկական մշակույթը ներկայանում է Քրիստոսից առաջ 5-6-րդ հազարամյակից եւ միայն ներկայիս Ադրբեջանի տարածքում՝ 20 անուն արժեքներով՝ կամուրջներ, ձիթաններ, ջրաղացներ, աղբյուրներ, բերդեր եւ այլն:

Եվ Թուրքիայում, եւ Ադրբեջանում հայերի հանդեպ պետական մակարդակով իրականացվեց մշակութային սպանդ, հատուկ ծրագրով ոչնչացվեցին հայկական մշակութային արժեքները: Եթե ադրբեջանցիները մեջտեղ բերեցին «աղվանական թեզը», իրենց համարեցին քրիստոնյա աղվանների հետնորդներ եւ փորձեցին աղվանական համարելով սեփականացնել հայկական քրիստոնեական պաշտամունքային մշակույթը, ապա թուրքերը, զրկված լինելով նաեւ աղվանական վարկածի հնարավորությունից, պարզապես նպատակ դրեցին ոչնչացնել սեփական պատմական հայրենիքում ստեղծված  հայոց հազարամյակների մշակույթը: Ընդ որում, կարելի է  հստակ զանազանել ժողովրդի կողմից տարերայնորեն ոչնչացվածը եւ պետական մակարդակով ավերվածը: Առաջինի դեպքում մենք եկեղեցիների,  վանքերի, մատուռների, սրբատաշ, խաչազարդ քարերին հանդիպում ենք տեղաբնակների տներում, բակերում, իսկ պետական մակարդակով ոչնչացնելիս՝ քարերը  տեղափոխում էին այլ վայրեր եւ հիմնականում օգտագործում զորանոցներ կառուցելիս: Դա ձեռնտու էր այն պատճառով, որ զորանոցները փակ տարածք են, ոչ մի զբոսաշրջիկ չի կարող  զորանոցի պատերին տեսնել հայկական մշակույթի հետքերը: Պատահել է, որ Թուրքիայում կալանավորված մեր հայրենակիցները թուրքական զորանոցի պատերի վրա նկատել են հայկական զարդաքանդակներ, խաչեր… Միայն Նախիջեւանում 1980-ականներին 218 եկեղեցի կար, այսօր ամբողջը ոչնչացված է, Հին Ջուղայում ավերվեց 5000 խաչքար: Ներկայիս Ադրբեջանի պետական տարածքում կա մոտ 500 հայկական եկեղեցի, մատուռ ու վանք: Այսինքն՝ չնայած անօրինակ մշակութային եղեռնին, մինչ օրս մեր պատմական հայրենիքի ողջ տարածքում դեռեւս առկա են հայկական մշակույթի հետքերը:

Պարոն Կարապետյան, ի՞նչ պետք է անել, որ գոնե այսուհետ Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում պահպանվի այն, ինչ մնացել է մեր 5-6 հազարամյա մշակութային արժեքներից:

– Եթե Լուվրում ցուցադրվում է մեկ հայկական խաչքար, ապա այն ապահովագրվում է 10 հազար եվրո գումարով: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր են ոչնչացրել: Ելքը մեկն է՝ պետք է միջազգային ատյաններում դատական գործ հարուցել ոչնչացված յուրաքանչյուր մշակութային արժեքի համար:

Գայանե Պողոսյան

«Հայ զինվոր», թիվ 42 (806), 21-28 հոկտեմբերի, 2009


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն