ԵՄ-ն ողջունել է հայ-թուրքական գործընթացը
Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել բաղկացած պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, որի կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Դիեգո Լոպեզ Գարիդոն, եվրոպական տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Համագործակցության խորհրդի նիստին քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:
Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասաց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնայնությունն է եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:
Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Եվրոպական կողմը ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը, կարեւորելով ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը եւ դրանց առանց նախապայմանների իրականացումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ArmAr.am












