Խորհրդարանը հաստատեց Նոր էներգաբլոկի կառուցման մասին օրինագիծը
Ազգային ժողովի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ` 96 կողմ, 1 դեմ, երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման» մասին օրինագիծը: Օրինագծին միակ դեմ քվեարկածը «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էր:
Նկատենք, որ 1976-ից գործող Մեծամորի ատոմակայանը գործում է ոչ ամբողջ հզորությամբ. աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 մվտ հզորությամբ: Յոթ տարի հետո կայանի աշխատանքը պետք է ամբողջությամբ դադարեցվի, և հայաստանյան իշխանությունները մտադիր են նոր էներգաբլոկ կառուցել:
Այս տարվա մայիսին ամփոփվել են հայտարարված բաց մրցույթի արդյունքները խորհրդատու ընկերության համար, որը պետք է նոր բլոկի կառուցման շինարարության գործընթացը կազմակերպի: Մրցույթում հաղթող է համարվել Worley Parsons միջազգային կոնսորցիումը, որը գտնվում է Ավստրալիայում:
Տեխնիկատնտեսական միավորման մշակման համար այս կոնսորցիումը պահանջել է 400 մլն ԱՄՆ դոլար: Իսկ գլխավոր կապալառուի համար մրցույթը հայտարարվելու է մինչև այս տարվա վերջ:
Հնարավոր է համարվում, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը կիրականացնի «Ատոմնստրոյէքսպորտ» ռուսական ընկերությունը:
Իսկ դրա կառուցման համար անհրաժեշտ է 2 մլրդ եվրո գումար այն դեպքում, երբ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 մվտ:
Նկատենք, որ ինչպես հայտարարվել էր, գումարը կտրամադրեն միջազգային դոնոր երկրներ և կազմակերպություններ, որոնց ցուցակը դեռևս ճշտված չէ:












