Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Ծագումնաբանական կոկտեյլ կամ ախտաբանական ինքնավեհացում

Հոկտեմբեր 27, 2009թ. 14:50

Djamalyan1Նախկին քոչվորները` ադրբեջանցիները, այսօր պատմական հայրենիքի կարիք են զգում

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
հոգեբանական գիտությունների թեկնածու

Չորս տարի առաջ, երբ կործանվեց հայկական քաղաքակրթության գլուխգործոցը` Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարարեց, թե մենք` հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայում հայկական ոչինչ չկա, թե այնտեղի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»` աղվաններին:

Հիրավի, ինքնատիպ է մոլլայի մտքի թռիչքը. ստացվում է, որ ադրբեջանցիները կործանում են սեփական մշակույթը: Պակաս հետաքրքրական չէ նաև մոլլայի կույր համոզվածությունը այն մոլորության մեջ, թե իրենք սերում են աղվաններից: Սակայն մոլլային կարելի է հասկանալ ժամանակակից էթնոհոգեբանությանը հայտնի այնպիսի մի երևույթի տեսանկյունից, ինչպիսին է ախտաբանական ինքնավեհացումը:

Բանն այն է, որ այն էթնիկական հանրույթները, որոնք հավակնում են դառնալ ազգ, հակված են ավելի հարուստ ու հմայիչ գծերով ներկայացնել իրենց ծագումը, անցյալն ու մշակույթը, քան այն կա իրականում: Ադրբեջանցիները, ինչպես գիտենք, նոր են միայն փորձում ավելի ցածր կարգի էթնիկական խմբերի մակարդակից բարձրանալ ու հասնել զարգացած ազգի մակարդակի: Ադրբեջանցիները չունեն  հարուստ և հերոսական պատմություն: Նախկին քոչվորները չէին կարող իրենց յուրահատուկ ապրելակերպի զարգացած մշակույթ թողնել, հատկապես քաղաքային կյանք չունենալու պատճառով: Այդուհանդերձ, նրանք փորձում են հին ու մեծ մշակույթ ունեցող ազգ լինելու տպավորություն գործնել: Իրենց զարգացած ու հին, նաև բնիկ ներկայացնելու նպատակով, ադրբեջանցիները փորձում են սեփական թերարժեքությունը փոխհատուցել սեփական անցյալն ու մշակույթը արհեստականորեն վսեմացնելու, վեհացնելու միջոցով: Ընդ որում, ադրբեջանական գիտական մտքի գոհարների հոգեբանական վերլուծությունից հանգում ենք այն հետևության, որ վեհացման մեխանիզմը ադրբեջանական հոգեկերտվածքում ախտաբանական բնույթ է ստացել: Կորցնելով իրականության զգացումը, ինչն էլ հիմք է տալիս վեհացման մեխանիզմի ախտաբանական բնույթի մասին մեր հետևությանը, ադրբեջանցի գիտնականներն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ չեն դադարում հայտնաբերել մեկը մեկից ավելի հին և «հեղինակավոր» նախնիներ:

Ախտաբանական ինքնավեհացման հիմնական պատճառն ադրբեջանցիների խոր թերարժեքությունն է: Ինչպես գիտենք, ներկայիս ադրբեջանցիների քոչվոր նախնիները` թյուրքական ցեղերը, 12-14-րդ դարերում քոչելով Առաջավոր Ասիա, աստիճանաբար նստակեցության անցան այստեղի հնագույն ժողովուրդների տարածքում: Ցարական Ռուսաստանի տիրապետության ընթացքում, ընդհուպ մինչև 1918 թվականը, թյուրքական այս ցեղերին սկսեցին կոչել կովկասյան թաթարներ: Ադրբեջան և ադրբեջանցի անվանումները հարևան երկրի և այն բնակեցնող հիմնական էթնիկական միավորի վերաբերյալ ունեն ընդամենը 91 տարվա պատմություն: Ադրբեջան (Ազերբայջան) անվանումը(իրանական Ազարբայջան մարզի թյուրքացված ձևը), իբրև նորաստեղծ հանրապետության անվանում, առաջին անգամ հայտարարվել է 1918 թ. սեպտեմբերի 15-ին Նուրի փաշայի հրամանատարությամբ թուրքական զորքերի կողմից Բաքուն գրավելուց և մուսաֆաթական կառավարությանը քաղաք հրավիրելուց հետո:

Սա իրականությունն է, որը սակայն չափազանց դաժան է ադրբեջանցիների համար: Նստակեցության անցած քոչվորն այսօր պատմական հայրենիքի կարիք է զգում, հայրենիքի, ուր արմատներ կունենար: Այդ է պատճառը, որ ադրբեջանական պատմագրությունը լույս աշխարհ բերեց սեփական ծագման մասին աբսուրդային, ցնորամիտ տեսությունների մի ամբողջ փունջ: Ադրբեջանցիները սկզբնական շրջանում իրենց նախնիներին որոնում էին հնագույն Մարաստանում` իրենց համարելով մարերի շառավիղներ: Սակայն Ադրբեջանի ներկայիս տարածքի հանդեպ ադրբեջանցիների հավակնություններն այս տեսությունը լիովին չէր հիմնավորում: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պատմագրությունը երկնեց, այսպես կոչված, «աղվանական տեսությունը», համաձայն  որի ներկայիս ադրբեջանցիները սերում են Անդրկովկասի արևելքում միջնադարում ապրած և սեփական պետականություն ստեղծած աղվաններից: Այս անհեթեթ տեսակետի ջատագովներից է տխրահռչակ ակադեմիկոս Զիյա Բունիաթովը: Իսկ ահա վերակառուցման տարիներին, ղարաբաղյան շարժմանը զուգահեռ, ադրբեջանցիների մոտ արյան կանչ նկատվեց դեպի սեփական թյուրքական անցյալը և հատկապես դեպի ներկայիս Թուրքիան: Սակայն դրա հետ մեկտեղ ադրբեջանական պատմաբաններն ու ազգային գործիչները չհրաժարվեցին նաև հրապուրիչ մարա-պարսկական և աղվանական արմատներից: Այսպես. երբ պետք է լինում հիմնավորել Արցախի հայկական ճարտարապետական կոթողների յուրացումը, ապա որպես ադրբեջանցիների նախնիներ առաջ են քաշվում աղվանները: Երբ անհրաժեշտ է լինում հիմնավորել ոտնձգությունները իրանական մշակույթի  հանդեպ` առաջ է մղվում ադրբեջանցիների մարական ծագումը:

Այսպիսով, մենք ականատես ենք դառնում ադրբեջանցիների ծագումնաբանության վերաբերյալ շինծու տեսակետների քաոսային խառնաշփոթի. խառնաշփոթ, որը ադրբեջանական պատմագիտական մտքի աշխատանքի արդյունքն է: Բայց արի ու տես, որ վերը նշված անհեթեթ տեսակետների «կոկտեյլը» նախկին քոչվորին` ներկայիս ադրբեջանցուն տալիս է միանգամից երկու հին ազգերից սերված լինելու, նման հեռավոր և «փառավոր» նախնիներ ունենալու սին արժանապատվությունը:

Ախտաբանական ինքնավեհացման դասական օրինակ կարելի է համարել ադրբեջանցի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր Ն. Ռաֆիլու «Ադրբեջանական մշակույթը` մինչ Նիզամին» հոդվածը, որը լույս է տեսել Բաքվում 1947 թ.-ին: Այստեղ հեղինակը, մեջբերելով Հոմերոսի «Ոդիսականի» 9-րդ գլխից մի հատված, ուր նկարագրված է կիկլոպների երկիրը և որը սկսվում է «այնտեղ նրանք անհոգ…» բառերով, պնդում է, որ կիկլոպների տակ Հոմերոսը իբր թե նկատի ուներ ադրբեջանցիներին:

Մեկ այլ օրինակ. խորհրդային տարիներին  թերթերից մեկում բիբլիական Նոյ նահապետը հայտարարվել է «մեծ ադրբեջանական գիտնական-աստղաբաշխ»:

Ծագումնաբանական այս խառնաշփոթը ադրբեջանական թերարժեքությունը չի վերացրել: Ախտաբանական ինքնավեհացումը հանգեցրեց իր տրամաբանական արդյունքին. էլ ավելի խորացավ անհանդուրժողականությունն ու ագրեսիան այն ազգերի հանդեպ, ում մշակույթը յուրացրել են և ովքեր ներկայիս Ադրբեջանի տարածքի իսկական տերերն են: Եվ դա միանգամայն բնական է. իրենց պատմական հայրենիքում թողած հուշարձաններով բնիկներն անընդհատ հուշում են քոչվորին այս տարածքում արմատներ չունենալու մասին: Բնականաբար, սա էլ ավելի ագրեսիվ է դարձնում նստակեցության և հայրենիք ունենալու համը նոր-նոր վայելող քոչվորին: Ուստի նա ոչնչացնում է այն, ինչը չի կարող յուրացնել, կործանում է իրեն հանգիստ չտվող ամեն հայկականը` վերացնելով ախտաբանական ինքնավեհացմամբ ինքնահաստատվելու խոչընդոտը:

Սակայն ադրբեջանցին այսօր չի բավարարվում նաև իր ներկայիս տարածքով: Ադրբեջանցու պատկերացումներում հայը այս տարածաշրջանում պարզապես տեղ չունի: Պատահական չէ, որ ադրբեջանական պատմագրությամբ Հայաստանի Հանրապետությունն անվանվում է Արևմտյան Ադրբեջան: Իրենց համար կենսական տարածքներ ունենալու ձգտումն է, որ տարեց տարի ադրբեջանական հոգեկերտվածքում խորացնում է ատելությունն ամեն հայկականի հանդեպ: Ջուղայի ողբերգությունը դրա հերթական, սակայն ցավոք, ոչ վերջին դրսևորումն է: Ախտաբանական ինքնավեհացման և հակահայկական ագրեսիայի այս չդադարող դրսևորումները մեզ պետք է մշտական զգոնության մեջ պահեն:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն