Ազատագրված տարածքները պե’տք է վերաբնակեցվեն
Պատերազմում հաղթել ու պատմական հայրենիքի տարածքներ ազատագրել հաջողվում է ոչ բոլոր ժողովուրդներին: Հայ ազգը 21-րդ դար մուտք գործեց Արցախյան պատերազմում հաղթանակած՝ ապացուցելով, որ դեռ կարող է պայքարել ու հաղթել՝ վերադարձնելով իր հայրենիքի գրավված տարածքները: Ազատագրվեցին Լեռնային Արցախն ու հարակից յոթ շրջանները: Այսօր ազատագրված տարածքները դարձել են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության, հատկապես՝ Զանգեզուրի անվտանգության երաշխիքը: Իսկ կատարյալ ապահովություն մենք կարող ենք զգալ միայն այդ տարածքների վերաբնակեցումից հետո:
Ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագիրը մշակվել է պատերազմից հետո, բայց այսօր այն կարծես կիսատ է մնացել: Ինչո՞ւ:
Այդ մասին իր կարծիքն է հայտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը, ով արդեն երկար տարիներ բնակվում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:
«Այսօր ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագիր չի իրականացվում: Չգիտեմ, թե ինչ է պատահել: Վստահ եմ, որ ցանկության դեպքում միջոցներ միշտ էլ կգտնվեն: Բայց չգիտեմ, թե մեր իշխանություններն ինչու չեն զբաղվում այդ հարցով: Ամեն դեպքում, նման ծրագիր իրականացնելու քաղաքական կամքը բացակայում է:
Այնտեղ մի տեսակ անորոշ իրավիճակ է ստեղծվել. ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, բոլորն սպասում են հանգուցալուծման: Իսկ անորոշությունն ազդում է մարդկանց հոգեբանության վրա. նրանք թերահավատորեն և անվստահությամբ են վերաբերվում վաղվա օրվան: Այդ պատճառով էլ այնտեղ մշտապես հաստատվելու լուրջ քայլեր չեն ձեռնարկում, եթե անգամ նման հնարավորություն ունենում են:
Եթե նույնիսկ խոսք լինի որևէ տարածք հանձնելու մասին, մարդկանց արձագանքը կանխատեսելի է. ժողովուրդը ոտքի կելնի, կպայքարի ու կհաղթի: Բայց դրա համար էլ նրան պետք է ուղղորդել: Վստահ եմ՝ մարդիկ պայքարելու տրամադրվածություն կունենան, բայց պետք են Գարեգին Նժդեհի պես մարդիկ, ովքեր կհամախմբեն նրանց, կուղղորդեն և կգլխավորեն իրենց պայքարը: Ժողովրդի հոգեբանական տրամադրվածությունը կախված է իր ղեկավարներից:
Այսօր ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով, նախ չպետք է վավերացնել արդեն ստորագրված արձանագրությունները, պետք է ճանաչել Արցախի հանրապետությունն իր ներկայիս սահմաններով, և ամենակարևորը՝ իրականացնել ազատագրված տարածքների վերաբնակեցում. եթե ԼՂՀ բնակչությունը հասնի 300 հազարի և անցնի, այն ժամանակ միայն մենք վստահորեն կարող ենք ասել, որ Արցախյան հարցը լուծված է: Դա կարող է արվել միայն ամբողջ ազգի ուժերի գերլարումով:
Իսկ արձանագրությունները չպետք է վավերացվեն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումն ուղղակիորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման արագացմանը. եթե առաջ Թուրքիան իրավունք չուներ խոսել Արցախյան խնդրի և բանակցային գործընթացին իր մասնակցության մասին, քանի որ բոլորի կողմից դիտվում էր որպես Ադրբեջանի գործընկեր, ապա այսօր, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շղարշ ստեղծելով, նա փորձում է որպես միջնորդ կողմ ներկայանալ:
Իսկ վերաբնակեցումը շատ կարևոր է մեզ համար:
Ադրբեջանցիները, երբ երկու-երեք ամսով Շահումյանի շրջանում մի քանի գյուղ էին գրավել, վերաբնակեցրել էին: Ավելին՝ արդեն գրավելու երրորդ օրը բնակչներ էին բերել: Երբ երեք ամիս հետո մերոնք գյուղերը հետ վերցրեցին, տեսան՝ տները էլեկտրաֆիկացրել էին: Անգամ լինում էին դեպքեր, երբ տան տերը գալիս էր իր տուն և այնտեղ սառնարան, հեռուստացույց էր հայտնաբերում, որը մինչ այդ չէր ունեցել: Անգամ դրանք էին տրամադրել իրենց «բնակիչներին»:
Իսկ մենք վերաբնակեցման մասին միայն խոսել ենք, բայց այն չենք իրականացրել: Այդ պատճառով բնակչության թվաքանակի աճ չկա: Այսօր միայն որոշ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում (գազաֆիկացվել է Բերձոր քաղաքը, էլեկտրաֆիկացվել են որոշ գյուղեր, վերականգնվում են ճանապարհներ), բայց նոր բնակմակերեսներ չեն շահագործվում: Ես դժգոհ եմ այս իրավիճակից: Բնակչությունն անապատի խտությամբ է ապրում: Օրինակ՝ Քաշաթաղի շրջանն ունի 6-7 հազար բնակիչ, որը Հայաստանի մի մեծ գյուղի բնակչության թվից էլ փոքր է:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մեզ տարածք պետք չէ, թե մեզ դուր է գալիս աշխարհով մեկ սփռված լինելը: Եթե ազգը տարածքի կարիք չունի, ուրեմն արդեն մահացել է, բայց ես վստահ եմ, որ մենք դեռ չենք մահացել:
Պիտի բնակեցնենք այդ տարածքները, քանի որ տարածքը միայն բնակեցվելով կարող է հայրենիք դառնալ, իսկ հողը՝ մշակվելով ու յուրացվելով:
Հայրենիքը պետք է անտեր չմնա»:
Պատրաստեց Անի Աբովյանը
Թեգեր` ազատագրված տարածքներ, ԼՂՀ, Տիգրան Կյուրեղյան, Քաշաթաղ












