Ադրբեջանում համոզվել են, որ տապալվել է Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը
Թուրքիայի քաղաքական կուսակցությունները վստահ են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները մեծ հարված են հասցրել թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Մինչդեռ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Սայադ Արան հայտարարել է, որ չկա այնպիսի ուժ, որը կարող է վտանգել երկու երկրների հարաբերությունները:
Թուրք վերլուծաբանները ևս նկատում են, որ չնայած ներկա պահին Անկարայի և Բաքվի կառավարություններն ամեն կերպ փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, թե երկու երկրների միջև ոչինչ չի փոխվել, սակայն իրականում Թուրքիա–Ադրբեջան հարաբերությունները ծայրաստիճան վատ վիճակում են հայտնվել: «Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Սինան Օգանը կոչ է արել` գործի անցնել, քանի դեռ հարաբերություններին ավելի մեծ վնաս չի հասցվել: Վերջինիս գնահատմամբ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ծագած խնդիրները կլինեն ի նպաստ Հայաստանի շահերի:
Թուրքական կողմը հերթական փորձերն է անում եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունենրը բարելավելու ուղղությամբ: Սակայն Անկարայի պնդումները, թե` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցի հանգուցալուծմանը և Թուրքիան կշարունակի պաշտպանել եղբայրական Ադրբեջանի շահերը, այլևս Բաքվին վստահություն չեն ներշնչում:
Ադրբեջանում արդեն գնահատել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների իրական հեռանկարները, և հանգել այն եզրակացության, որ դրանով վերջնականապես տապալվում է Ադրբեջանի` Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը:
Ներկա պահին թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարելավելու միակ միջոցը, ըստ որոշ թուրք վերլուծաբանների, համարվում է արձանագրություններից հրաժարվելը:
Քրիստինե Մելքոնյան












