Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ

«ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են` 1988-ին վերադարձ չկա, ոչ քաղաքական, ոչ էլ վարչատարածքային առումով»

Հոկտեմբեր 28, 2009թ. 14:45

David BabayanՄեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը (ԼՂՀ)

Պարոն Բաբայան, վերջին օրերին Հայաստանում կրկին սկսել է անհանգստություն արտահայտվել  Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Մասնավորապես, անհանգստացնող են Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը: Ձեր կարծիքով, այդ դրույթները չե՞ն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Սահմանադրությանը։

-Մադրիդյան սկզբունքները, և ընդհանրապես, ներկայիս գործընթացը, պետք է դիտարկել մի քանի հարթությունում։ Առաջին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցում Մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող բանակցային գործընթացներին։  Իրավական  տեսանկյունից ստեղծվում է մի շատ հետաքրքիր  իրավիճակ, որում, փաստորեն, առհասարակ անիմաստ է դառնում Մադրիդյան սկզբունքների իրականացման հեռանկարների մասին խոսելը, քանի որ Արցախը չի մասնակցել ոչ այդ սկզբունքների ձևավորման գործընթացին, ոչ դրանց շուրջ տարվող բանակցություններին։ Ուստի,  ինչո՞ւ պետք է Արցախն ընդունի այդ սկզբունքները, ավելին՝ կատարի դրանք։

Երկրորդ. Մադրիդյան սկզբունքները, կարելի է ասել, ուղղակի սկզբունքներ են, որոնցում չկա  հակամարտության կարգավորման կոնկրետ սցենար։ Իհարկե, Ադրբեջանը պնդում է, որ պետք է տարածքներ վերադարձվեն, փախստականները գան, և ասենք, 50 տարի անց կազմակերպվի հանրաքվե: Բայց անգամ այդ հանրաքվեն չի կարող որոշել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի սահմաններում,  դա  անհեթեթություն է։ Փաստորեն, այսօր նաև Հայաստանն է ինչ- որ կերպ հետքայլ անում այդ սկզբունքներից, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի կողմից ներկայացվող սցենարից, քանի որ և՜ ՀՀ նախագահը, և արտաքին գործերի նախարարը բազմիցս են նշել, որ հնարավոր չէ գնալ միակողմանի զիջումների։

Այս բոլորը ցույց է տալիս, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ ընթացող  գործընթացը փակուղի է մտնում: Եվ չի բացառվում, որ դրանք փոխարինվեն այլ սկզբունքներով, մանավանդ որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվել «նորացված Մադրիդյան սկզբունքներ» ասվածը: Եվ դա ինքնին նշանակում է` հետնահանջ ներկայիս սկզբունքներից։

-Իսկ հավանական չե՞ք համարում այն, որ, այդ սկզբունքները` ներկայիս բավանդությամբ, այնուհանդերձ, կարող են պարտադրվել հայկական կողմերին:  Այդ դեպքում՝ ի՞նչ կարող ենք  հակադարձել։

-Իհարկե, պարտադրելը ևս մի տարբերակ է, բայց պետք է հաշվի առնել, թե որքանո՞վ է հավանական այդ պարտադրանքը։ Այն կարող է լինել հետևյալ պայմաններում. օրինակ, երբ տվյալ հարցում  բոլոր կողմերը, բացի մեկից, գան համաձայնության, կամ էլ, երբ ուժերի դասավորվածությունը լինի այնպիսին, որ կողմերից մեկը միանձնյա որոշումներ իրականացնելու հնարավորություն ունենա: Դա վերաբերում է գերտերություներից որևէ մեկին:  Մինչդեռ  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում նման իրավիճակ չի կարող ստեղծվել, քանի որ հարավ-կովկասյան տարածաշրջանում այդ  գերտերություններն աշխարհաքաղաքական առումով  հավասարակշռված տեղ ու դիրք են գրավում:  Հետևաբար, մտածել, որ կլինի ինչ- որ պարտադրանք կամ պարտադիր որոշում, դրա հավանականությունը շատ քիչ է։ Վերջապես, պետք է հաշվի առնել նաև մի հանգամանք. 1988-1991թթ. ողջ Խորհրդային Միությունն էր դեմ փոքր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, բայց ինչպես տեսանք, նրանց` պարտադրանքի սցենարը ևս չգործեց։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ պարտադրանքը կարող է արդյունավետ լինել, մանավանդ, որ կողմերից  որևէ մեկին ձեռնտու չէ պատերազմական գործողությունների վերսկսումը։ Ես հակված եմ մի շարք այլ զարգացումների, օրինակ, Ադրբերջանում, կարող են ոտքի կանգել ազգային փոքրամասնություններ, իսկ դա ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին, ոչ էլ նույն գերտերություններին։

Հայաստանում մտահոգություններ են հնչում, որ եթե լինի այնպես, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջանկյալ գոտում, այնուամենայնիվ, տեղակայվեն խաղաղապահ ուժեր, ապա նրանց ներկայությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրման` ընդհուպ մինչը պատերազմական գործողությունների ծավալման: Դուք նման մտահոգություն ունե՞ք։

– Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջանկյալ գոտին երկրագնդի վրա միակ գոտին է, որտեղ խաղաղությունը պահպանվում է առանց կողմնակի ուժերի ներկայության։ Այսինքն՝ հակամարտության կողմերն  իրենք են իրականացնում այդ գործընթացը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Նույնիսկ պատահական չէ, որ այդ «գոտին» կոչվում է շփման գիծ, այսինքն՝ կողմերն իրար հետ հնարավորություն ունեն նույնիսկ այս ձևով շփվել։ Խաղաղապահները տարածաշրջան կարող են գալ միայն մեկ դեպքում, երբ  արձանագրվի խնդրի վերջնական կարգավորում և նրանց անհրաժեշտությունը լինի, ասենք, երկու կողմերի միջև ինչ-որ բուֆերային գոտի ստեղծելու համար։ Չնայած, նույնիսկ այդ պարագայում, կարծում եմ, նրանց ներկայությունն անիմաստ է լինելու, որովհետև, ինչպես ասացի, 15 տարի է ինչ կողմերն իրենք՝ առանց որևէ խաղաղապահի ներկայության, այդ գոտին պահպանում են։

Վերջին շրջանում շատ է արծարծվում նաև փախստականների վերադարձի   խնդիրը, որ մի օր նրանց կվերադարձնեն, հետո արդեն խոսք կբացվի հանրաքվեի մասին, իսկ այս դեպքում արդեն…

-Այս հարցը ևս շահարկումների առարկա է դարձել. Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս պետք է ադրբեջանցի փախստականները վերադառնան, եթե քաղաքական խնդիրները դեռ կարգավորված չեն։ Մարդասիրական խնդիրները կարող են կարգավորվել միայն ու միայն քաղաքական խնդիրների կարգավորումից հետո։ Որովհետև, եթե իրավիճակը նորից վատթարանա, նույն այդ փախստականները կարող են դառնալ կրկնակի փախստականներ։ Փախստականների վերադարձի շահարկումը, դիտարկում եմ որպես ոչ կառուցողական, այն չի նպաստում հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Կրկնում եմ, մինչև քաղաքական խնդիրները չկարգավորվեն, մարդասիրական խնդիրները չեն կարող կարգավորվել։

-Իսկ  ազատագրված տարածքների զիջման ճանապարհով հավանական համարո՞ւմ եք խնդրի քաղաքական լուծումը։

-ԼՂՀ նախագահը, ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ 1988թ. վերադարձ չկա՝ ոչ քաղաքական, ոչ էլ՝ վարչատարածքային առում։ Դա անհնարին է։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն