ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Վրաստանում հայկական եկեղեցու խնդիրներին
ԱՄՆ-ի Պետքարտուղարության` Աշխարհում կրոնական ազատության մասին վերջին ամենամյա զեկույցում անդրադարձ է կատարվել Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակին:
Ամերիկացի դիվանագետների կարծիքով, կարգավիճակի հետ առկա վեճերը լուրջ խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի կրոնական փոքրամասնությունների եկեղեցիներին վերանորոգման նպատակով ֆինանսավորում տրամադրելու հարցում: Զեկույցում նշված է, որ չնայած Վրաստանի իշխանությունները պնդում են, թե Վրաց Ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների կարգավիճակի տարբերությունը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում, այնուամենայնիվ, իրականում դա այդպես չէ: Որպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների դիտարկման կենտրոնում է հայտնվել Թբիլիսիի հայկական եկեղեցին. Վրաստանի մշակույթի նախարարությունից մինչ օրս եկեղեցուն վերանորոգման համար գումար չի տրամադրվել: Ըստ զեկույցի, Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ չի կարող ֆինանսավորել հայկական եկեղեցու վերանորոգման նախագիծը, քանի դեռ եկեղեցին չունի պաշտոնապես գրանցված սեփականատեր:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Վրաստանում առկա որոշ եկեղեցիների` այս կամ այն կրոնական փոքրամասնությանը պատկանելության մասին: Ամերիկացի դիվանագետները նշում են Վրաստանի կաթոլիկների ու Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների բողոքն այն մասին, որ վրացական պետությունը չի կարգավորում եկեղեցիների պատկանելության հետ կապված բոլոր վեճերը` վախենալով վիրավորել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
ArmAr.am












